ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.10.2014

Երևանում մեկնարկեց քաղաքների պլանավորման և բնակարանային տնտեսության խնդիրներով երկօրյա միջազգային աշխատաժողովը

Այսօր Երևանում մեկնարկեց <<Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման  ազգային կարողությունների հզորացում>> թեմայով աշխատաժողովը:
Այն կազմակերպվել էր ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագրի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ ջանքերով:
Մասնակիցների թվում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններից, Գորիսի քաղաքապետարանից, ՄԱԿ ԵՏՀ-ից, <<Հաբիթաթ ֆոր Հյումանիթի Հայաստան>>, ոլորտում գործունեություն ծավալող տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ողջունելով հյուրերին, նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կատարվելու են երկրի նկարագրի (Country Profile) ուսումնասիրություններ` կայուն քաղաքաշինության, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության զարգացման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում:
 Զեկույցով հանդես եկավ ՀՀ ՔՆ տարածական պլանավորման վարչության պետ Ս. Մաթևոսյանը, որ ներկայացնելով ոլորտում կատարված աշխատանքները նշեց, որ դեռևս 2003 թվականին հաստատվել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որը պետական քաղաքաշինական քաղաքականության գերակա ուղղությունները հիմնավորող՝ վերլուծական բնույթի, մշտապես գործող և պարբերաբար արդիականացվող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է: Միաժամանակ, այն նախանշում է երկրի տարածական զարգացման ռազմավարական ուղղությունները` հիմք ընդունելով պետության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման գերակայություններն ու ծրագրերը:
Տիկին Ս. Մաթևոսյանն իր զեկույցում նշեց նաև, որ բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծման տեսանկյունից հատկապես կարևորվում է տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի, այն է` հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի կազմման անհրաժեշտությունը:
Նախարարության աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Ս. Սրապյանը հանդես եկավ «Բնակարանային քաղաքականությունը և բազմաբնակարան շենքերի կառավարման ու էներգաարդյունավետության բարձրացման խնդիրները» թեմայով զեկույցով, որտեղ մանրամասն անդրադարձ կատարեց բնակարանային հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Պարոն Սրապյանն իր խոսքում նշեց, որ անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը կարևորվում է նաև սոցիալական ռիսկերի կանխարգելման տեսանկյունից` հանրապետությունում առկա աղքատության բարձր մակարդակի պայմաններում անհրաժեշտություն ստեղծելով բնակարանային ապահովման հարցերում հասցեական և թիրախային ծրագրերի իրականացման համար:
Հնչեցին զեկույցներ նաև համայնքների տարածական պլանավորման, կառույցների սեյսմակայունության, ՀՀ գեոտեղեկատվական համակարգի, բնակարանային քաղաքականության, բազմաբնակարան շենքերի կառավարման և այլ հարցերի շուրջ: