Սեպտեմբերի 16-25-ը` ճարտարապետ Արմեն Զարյանի հետ
ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ում /Կառավարական տուն 3,/ սեպտեմբերի 16-ին, ժամը` 15.00-ին կկայանա <<Գծագրեր և նախագծեր>> խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը` նվիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսում կներկայացվեն ճարտարապետի հեղինակած եւ իրականացված ավելի քան 50 աշխատանքներ՝ բնակելի և հասարակական կառույցների նախագծեր, նախագիծ-առաջարկներ, գծագրեր:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանը 1963-1989թթ. աշխատել է <<Երեւաննախագիծ>> ինստիտուտում որպես ճարտարապետ՝ իրականացնելով բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի նախագծեր և քաղաքաշինական ծրագրեր` Գլխավոր պողոտան, Ալավերդյան, Աբովյան փողոցների բարեկարգման նախագծերը, Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծը, ինչպես նաև` Հռոմի <<Ավտոմոբիլ Կլաբ>> շենքը, <<Սերաֆիկում>> Կաթոլիկ համալսարանի համալիրը և <<Վիլլա Դ.Կաստելլո>> մենատունը Հռոմի ԷՈՒՌ թաղամասում, այլ աշխատանքներ:
Արմեն Զարյանը հեղինակ է մի շարք մենագրությունների` <<Իտալական արդի ճարտարապետությունը 1927-1960թթ.>>, <<Արեւմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը>>, <<Ակնարկ հին եւ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության>>, <<Հայկական ճարտարապետության տարածումը եւ Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը>>, <<Հայկական ճարտարապետություն. Քննական եւ տեսական հարցեր>> և այլն: 1996թ. Նյու Յորքում անգլերեն հրատարակությամբ լույս է տեսել նրա <<Արվեստի բառարան>>-ը: Ա. Զարյանի գիտական հոդվածները տպագրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ` արտասահմանյան մի շարք հեղինակավոր ամսագրերում և թերթերում:
Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ն է, հանձնակատարը և համադրողը՝ Արա Զարյանը, գրաֆիկական ձևավորումը հեղինակել է Մարտին Զարյանը:
