ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2014

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՐԱՎԵՐ

PROGRAMME- INVITATION
ON CONDUCTION OF “THE ARMENIAN HOUSE” ARCHITECTURAL COMPETITION

1. Մրցույթը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից: Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Ծրագրի գործընկերն է «Մոնարխ» բաց բաժնետիրական ընկերությունը:

2. Մրցույթի անցկացման նպատակը.
Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության  խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակում՝ հաշվի առնելով տվյալ   տարածաշրջանի տեղագրական և բնակլիմայական պայմանները:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներին) հնարավորություն կնձեռնվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ կնքված պայմանագրով (պայմանագրերով) մշակել շահած հետագա փուլերի նախագծման աշխատանքային փաստաթղթերը, որոնք կներառվեն «Հայկական տուն» բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգում:

3. Մրցույթին մասնակցությունը.
Մրցույթին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ: Մրցույթին մասնակցության հայտը ներկայացվում է համաձայն կից ձևի:

4. Նախագծային պահանջները.

4.1.    Մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր հայտ պետք է ներառի 1-2 հարկանի նկուղային հարկով (կարող է նախատեսվել նաև մանսարդային հարկ) 3-ից 6 սենյականոց բնակելի տների նախագծային առաջարկներ` սույն կետի 4.2 ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության որոշակի տարածաշրջանի համար:
4.2.     Մրցույթին ներկայացվող նախագծային առաջարկները պետք է արտացոլեն հանրապետության պայմանակորեն առանձնացված տարածաշրջանի բնակելի տների շինարարության ավանդական փորձը, այդ թվում՝ ծավալատարածական և հատակագծային լուծումները, ճարտարապետական կերպարին բնորոշ արտահայտչամիջոցները, հաշվի առնելով նաև տվյալ տարածաշրջանին հատուկ կլիմայական և լանդշաֆտային  առանձնահատկությունները: Դրա հետ մեկտեղ գերադասելի է նաև էներգաարդյունավետության և «կանաչ ճարտարապետության» սկզբունքների ու շինարարական նոր տեխնոլոգիաների հետ զուգակցումը:
4.3.    Վերը նշված տարածաշրջանները պայմանականորեն տարանջատված են հետևյալ կերպ.
ա. հյուսիսային տարածաշրջան` Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք,
բ. կենտրոնական տարածաշրջան՝ Արագածոտն, Կոտայք, Արմավիր, Երևան,
գ. հարավային տարածաշրջան՝ Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք:
4.4.    Բնակելի տան կառուցապատման հողամասում նախատեսել բակային տնտեսական կառույցներ՝ խորդանոց, ամառային խոհանոց, հացատուն և այլն:
4.5.    Հայտում ներառված բնակելի տներից մեկում նախատեսել սահմանափակ շարժունակությամբ անձանց (թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամների և տարեցների) համար բնակարանների  մատչելիության պայմաններ, ապահովելով ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերով սահմանված պահանջները:
4.6.    Նախագծերը մշակել հանրապետությունում գործող շինարարական  նորմերով և նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ընդ որում` բնակելի տան սենքերի մակերեսի չափերը կարող են ընդունվել գործող շինարարական նորմերով սահմանված նվազագույն մակերեսի 30-50%-ի ավելացմամբ:
4.7.    Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցույթին ներկայացնել մեկ կամ մի քանի հայտեր:
5.    Ներկայացվող նյութերը.
5.1.    Մրցութային նախագծերը ներկայացվում են գաղափարն առավել ընկալելի դարձնելու և շահեկան մատուցելու ձևաչափով:
5.2.    Նախագծի բացատրագրում ներկայացվում են նախագծվող օբյեկտի ճարտարապետական մտահղացման, ծավալահատակագծային,  կոնստրուկտիվ լուծումների և ընտրված շինանյութերի հիմնավորումը, ինչպես նաև նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները, այդ թվում՝
  • բնակելի տան ընդհանուր մակերեսը,
  • բնակելի սենքերի ընդհանուր մակերեսը,
  • կառուցապատման մակերեսը,
  • հարկայնությունը,
  • բնակելի տան շինարարական ծավալը,
  • շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները,
  • շինարարության խոշորացված արժեքը,
  • այլ ցուցանիշներ (հեղինակի հայեցողությամբ):

Բացատրագիրը ներկայացվում է А-4 ֆորմատի թերթի վրա, Unicode կոդավորմամբ:

5.3.    Նախագծի գրաֆիկական կազմը պետք է պարունակի՝

  • նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագիծը (պայմանական հողամասի չափն ընդունել 1000 քառ.մետր),
  • տարածքի բարեկարգման ուրվագիծը,
  • հարկերի հատակագծերը,  բոլոր ճակատները, բնորոշ կտրվածքները՝ Մ1:50 կամ Մ1:100 մասշտաբի,
  • 3D եռաչափ պատկերը կամ հեռանկարը:

5.4.    Աշխատանքները ներկայացվում են 80x120սմ չափերի վահանակների վրա (ՊՎԽ)՝ ուղղահայաց ցուցադրությամբ:
5.5.    Յուրաքանչյուր գծագրատախտակի վրա` վերևի աջ անկյունում պետք է նշվի մասնակցի անձնական նույնացման ծածկագիրը, որը մասնակցի կողմից ընտրված հինգ ցանկացած թվի և երկու տառի համակցություն է, ինչպես նաև այն տարածաշրջանը, որի համար նախատեսված է տվյալ հայտում ներառված նախագիծը: Նույն տեղեկատվությունը նշվում է նաև բացատրագրի առաջին թերթի վրա և մրցույթի կազմակերպչին ներկայացվող հայտի` կնքված փակ ծրարի արտաքին մասի վրա:
5.6.    Ծրարի ներսում նշվում են հեղինակի (հեղինակների) անունն ու ազգանունը, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, բանկային  հաշվի համարը, այլ կոնտակտային տվյալներ, անհրաժեշտության դեպքում` մասնակցության մասնաբաժինների տոկոսներով, ինչպես նաև կազմակերպության պետռեգիստրի վկայականի և ճարտարապետական գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենները:

6.    Հայտերի ներկայացումը մրցույթին.

6.1. Հայտերն ամբողջ կազմով ներկայացվում են տպագրված տեսքով` մրցույթի կազմակերպչի հասցեով մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամը 18.00-ը:
6.2. Մրցույթին ներկայացվող աշխատանքները հետ չեն վերադարձվում:
6.3. Մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվի`

ա. 6.1 կետում նշված ժամկետից ուշ ներկայացված աշխատանքները,
բ. մրցութային ծրագրի պայմաններին և պահանջներին չհամապատասխանող աշխատանքները:
7.    Հաղթողի ընտրության կարգը.
    7.1. Մրցույթին ներկայացված հայտերում ներառված նախագծային փաթեթները քննարկվում և գնահատվում են հանձնաժողովի փակ նիստում, պահպանելով մասնակիցների գաղտնիությունը:
    7.3. Մրցույթում հաղթողները ընտրվում են ըստ տարածաշրջանների ներկայացված հայտերի, հանձնաժողովի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ, յուրաքանչյուր հայտում ներառված նախագծային փաթեթի համար՝ առանձին քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
    7.4. Մրցութային հանձնաժողովի ընդունած որոշումները վերջնական են: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2014 թվականի դեկտեմբերի 12–ին:
    7.5. Մրցույթի հաղթողներն իրավունք կունենան մշակել հետագա փուլերի աշխատանքային նախագծային փաստաթղթերը՝ պատվիրատուի հետ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն:
    7.6. Ծրարների բացումը կկատարվի մրցութային հանձնաժողովի վերջնական որոշումից հետո:
8.    Մրցույթի մրցանակները.
8.1. Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 7 995 000 ՀՀ դրամ, որից՝
  •  3 առաջին մրցանակ, յուրաքանչյուրը՝  1 435 000 ՀՀ դրամ,
  •  3 երկրորդ մրցանակ, յուրաքանչյուրը՝ 820 000 ՀՀ դրամ,
  •  3 երրորդ մրցանակ, յուրաքանչյուրը՝ 410 000 ՀՀ դրամ:
Հանձնաժողովի որոշմամբ մրցանակների քանակը կարող է փոփոխվել:
8.2. Մրցույթի հաղթողների դրամական պարգևները փոխանցվում են մասնակցի բանկային  հաշվին:
9.  Մրցութային աշխատանքները ներկայացվում են «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ` ցուցադրության համար (հասցեն` 0010, Երևան, Կառավարության տուն 3, հեռ. 52-46-30):

10. Մրցույթի արդյունքները կամփոփվեն աշխատանքների ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում:

11. Մասնակցության կարգին, պայմաններին և հայտերին մանրամասն կարելի է ծանոթանալ նախարարության կայքում (www.mud.am) և  «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ում:

Ձև

Մ Ա Ս Ն Ա Կ Ց ՈՒ Թ Յ Ա Ն   Հ Ա Յ Տ


______________________________________________________________________
(հեղինակի /հեղինակների/ անունն ու ազգանունը, կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը,

___________________________________________ իր ցանկությունն է հայտնում
բանկային հաշվեհամարը, այլ կոնտակտային տվյալներ)
մասնակցելու ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հայտարարված «Հայկական տուն» ճարտարապետական մրցույթին և ընդունում մրցութային ծրագրի բոլոր պայմանները:

______________________________________________________________________
(մասնակցի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

«_____» ______________ 2014թ.