ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.05.2014

Շոշափելի և կոնկրետ արդյունքներ` հստակ ուղղություններով

Հայաստանի Ճարտարապետների միությունում ՀՀ քաղաքաշինության  նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպեց միության վարչության անդամների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող առաջնահերթություններն ու հիմնախնդիրները:
Պաշտոնն ստանձնելուց հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ հադիպումների հիմական նպատակը պետություն-մասնագիտական կառույցներ նոր որակի հարաբերությունների հաստատումն է. «Կցանկանայի, որ  բաց, անկաշկանդ քննարկում ծավալվեր: Կուզեի, որ նախարարության և միության կապը խիստ ակտիվանար բոլոր այն բնագավառներում, որտեղ խնդիր ենք տեսնում»: Այս առումով քաղաքաշինության նախարարը սկսեց գլխավորից. «Առաջին խնդիրը «ճարտարապետության մասին օրենք»-ն է, որն առայսօր մնում է առկախ, ապա՝ ճարտարապետության միջավայրի և կառուցապատման խնդիրները, ընդ որում, այստեղ էական տարբերություն կա՝ Երևանի և մարզերի միջև, քանի որ ամբողջ ներուժը կենտրոնացված է Երևանում, մինչդեռ մարզերում՝ քաղաքներում և գյուղական բնակավայրերում մասնագիտական խնդիրները լուծված չեն: Կարծում եմ՝ գոնե մեկ-երկու պիլոտային ծրագիր պիտի անենք, որ ցույց տանք՝ ինչ ասել է հայկական գյուղ»: Անդրադառնալով ներդրումային ոլորտին, նախարար Սարգսյանն առաջարկում է ձերբազատվելով իրադրային քաղաքականությունից ծրագրային քաղաքականություն իրականացնել՝ ստեղծելով ներդրումային առաջարկությունների բանկ՝ կոնկրետ տարածքների վրա ծավալային և թվային պարամետրերով հանդերձ: Նա  կարևորեց նաև քաղաքաշինության նախարարություն-մասնագիտական բուհ կապերի ամրապնդումը, այս համատեքստում ներառելով  կրթությունը՝ երիտասարդ մասնագետների ուսման զուգակցումը պրակտիկ գործունեության հետ, վերապատրաստումները  և գիտությունը: 
ՀՀ քաղաքաշինության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՄ վարչության նիստը վարող ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը միության անդամների կողմից  շնորհավորելով Նարեկ Սարգսյանին՝ քաղաքաշինության նախարարի պաշտոնն ստանձնելու առիթով, միաժամանակ ճարտարապետների անունից իր գոհունակությունը հայտնեց տվյալ պաշտոնում ոլորտին տիրապետող մասնագետի նշանակման կապակցությամբ. «Երկար տարիների ընդմիջումից հետո վերջապես մեր նախարարությունն ունեցավ մասնագիտությամբ ճարտարապետ նախարար: Իհարկե,լինում են անհարթություններ, չեն կարող չլինել, սակայն, կոչ եմ անում մասնագիտական տարաձայնությունները մի կողմ դնելով` համախմբվել մասնագիտական ընդհանրությունների շուրջ»:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակման, ՃՄ վարչության անդամների բարձրացրած հարցերի շնորհիվ ձևակերպվեցին առաջնահերթ լուծման կարոտ խնդիրները՝  «Ճարտարապետության մասին օրենք»-ի ընդունումից սկսած` մինչև մասնագիտական փաստաթղթերի և ծրագրերի, ճարտարապետներին որակավորման արտոնագրերի տրամադրման, /այս համատեքստում շեշտվեց, որ այսօր փաստաբաններն իրենք են իրենց ոլորտում որակավորման արտոնագրեր տրամադրում/, ճարտարապետական հուշարձանների պահպանական գոտիների հանդեպ քաղաքաշինության նախարարության ազդեցության ուժեղացման, մայրաքաղաքում և մարզերում հատուկ կարգավորման տարածքների հանդեպ օրենքի տառին  համապատասխան վերաբերմունքի, հեղինակային իրավունքի, ներդրումային քաղաքականության ակտիվացման և այս բնագծում մրցույթների անցկացման կարևորության և բազմաթիվ այլ հարցեր: Բոլոր ներկաները համակարծիք էին նման մասնագիտական քննարկումները շարունակական դարձնելու առումով:
Հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերն ու նրանց մտահոգություններն ամփոփելով` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցրեց. «Առաջիկայում արդեն նախարարությունում ճարտարապետության ոլորտը կդառնա բավական ակտիվ: Պիտի փորձենք շոշափելի և կոնկրետ արդյունքներ ստանալ՝ հստակ ուղղություններով ձևավորելով մշտական գործող մարմիններ՝ խորհուրդ, հանձնաժողով և այլն: Պետություն-մասնագիտական կառույց համաձայնեցված աշխատանքի արդյունքում  կարծում եմ՝ մեզ կհաջողվի լուրջ տեղաշարժ ապահովել մեր մասնագիտության մեջ»: