«Շինարարության ոլորտում անհրաժեշտ է տեղաշարժեր ապահովել». ՀՀ քաղաքաշինության նախարար
Շինարարության ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, ոլորտի զարգացման ուղենիշներն ուրվագծելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպեց ոլորտի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ:
«Մեր խնդիրն է` համատեղ ջանքերով հաղթահարել այն խոչընդոտները, որոնք խանգարում են պետության համար կարևորագույն` շինարարության ոլորտի զարգացմանը»,-նշեց նախարար Սարգսյանը: Նա կոչ արեց շինարարներին միասին վերանայել շինարարության ոլորտի կարգավորման բոլոր գործառույթները` շինթույլտվություններից մինչև բուն շինարարության գործընթաց: Նախարար Սարգսյանի գնահատմամբ, վերջին 15 տարիների գործունեության վերլուծությունը հնարավորություն կտա ուրվագծել այն ուղղությունները, որոնք կտանեն շինարարության ոլորտի զարգացման ռազմավարական լուծումների:
Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախարարի պաշտոնում ոլորտին քաջատեղյակ մասնագետի նշանակման կապակցությամբ: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, արտահայտելով մասնագիտական հանրության տեսակետը, ընդհանուր գծերով ներկայացրեց շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրները: Մասնավորապես, նա անդրադարձավ շինանյութերի և շինաշխատանքների գնագոյացման, շինարարության ոլորտում փորձաքննության պետական մարմին ստեղծելու, շինարարական կազմակերպություններին գնահատելու ինստիտուտի, շինարարական կազմակերպությունների շրջանառությունից հաստատագրման հարկ գանձելու և այլ խնդիրներին:
Հանդիպման մասնակիցների մտահոգությունները հիմնականում միևնույն խնդիրներին էին վերաբերվում, որոնք ամփոփելով` Նարեկ Սարգսյանն արձանագրեց, որ ներկայում շինարարության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են գիտական-նախագծային և շինարարական որակյալ կադրերի պատրաստում, ինչպես նաև շինարարության ոլորտում ներդումների համար բարերար միջավայրի ստեղծում:
Պարոն Սարգսյանը ներկաներին հորդորեց ակտիվ աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացման գործում ռազմավարական լուծումներ մշակելու ուղղությամբ: Բոլոր նշված խնդիրների ուղղությամբ, նախարարության և Շինարարների միության հետ համատեղ, կստեղծվեն տարբեր հանձնաժողովներ, որոնց առաջարկները կքննարկվեն նախարարության նորաստեղծ կոլեգիայի նիստում և կներկայացվեն կառավարություն: «Շինարարության ոլորտում անհրաժեշտ է տեղաշարժեր ապահովել»,-ամփոփեց ՀՀ քաղաքաշինության նախարարը:
