ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.01.2023

«Ճարտարապետությունն այն ոլորտն է, որի շնորհիվ աշխարհում մենք մրցունակ ենք եղել». ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյան

Ճարտարապետության մասին կարելի է անվերջ խոսել Քաղաքաշինության կոմիտեի ենթակայությամբ գործող Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական, շատերիս հոգեհարազատ Անուշ Տեր-Մինասյանի հետ: Բայց այս անգամ ծննդյան հոբելյանական օրվա առթիվ (հունվարի 22) հենց նրան բացահայտելու հերթն է: Եվ կսկսենք ոչ թե ճարտարապետության, այլ երաժշտության հետ նրա անմիջական կապից:

Ճարտարապետ լինելուց առաջ Անուշ Տեր-Մինասյանը դաշնակահարուհի է։ Նա ավարտել է  Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ ուսումնառության վերջին տարին համատեղելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսի հետ։ Հստակ որոշել էր ընտրել ճարտարապետի մասնագիտությունը, սակայն երաժշտությունը շարունակել է ուղեկցել նրան: Անուշ Տեր-Մինասյանը Պոլիտեխնիկական ինստիտուտի կամերային նվագախմբի միակ դաշնակահարն է եղել, ուստի ընդգրկվել է համերգային բոլոր շրջագայություններում: «Քենթի համալսարանի հրավերով պետք է մեկնեինք ԱՄՆ՝ հյուրախաղերի: Բուհի նվագախմբից բացի պետք է նվագակցեի հայտնի ջութակահար Էդուարդ Թադևոսյանին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պատասխանատվությամբ էի պատրաստվում. սովորեցի նրա նշած բոլոր ստեղծագործությունները: Այնուհետև պարզվեց, որ այդ շրջանում նա զբաղված է, և նրա փոխարեն օպերային հիանալի երգչուհի Մարիետա Անտոնյանն է մեզ հետ գալու: Նույն ջանասիրությամբ սովորեցի նրա երգացանկը, և բարեհաջող ելույթ ունեցանք լեփ-լեցուն դահլիճներում»,-հիշում է մեր զրուցակիցը:

Առհասարակ, ճարտարապետության և երաժշտության յուրատեսակ կապի մասին անվանի շատ ստեղծագործողներ են բարձրաձայնել: Ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի պատկերացմամբ՝ ընդհանրությունը հուզական ազդեցությունն է մարդու վրա. «Երկուսն էլ պարունակում են շարժում, դինամիկա: Օրինակ՝ միջնադարյան եկեղեցի մտնելով նախ տեսնում ես առանձին մանրամասները, հետո բոլորը՝ միասնության մեջ, ապա հայացքդ բարձրացնում ես վեր՝ դեպի գմբեթ, երկինք, տիեզերք. էմոցիոնալ վերելք ես ապրում, հասնում զգացմունքային կուլմինացիայի, ինչպես երաժշտության մեջ»:


Մասնագիտական ուղու գծագրողները

Բուհում ուսանելու տարիներին Անուշ Տեր-Մինասյանին դասավանդել են հայկական ճարտարապետության մեջ իրենց հետքը թողած նշանավոր մասնագետներ, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են ճարտարապետության ապագա տեսաբանի մասնագիտական ձևավորմանը (Ջիմ Թորոսյան, Ալեքսանդրա Երեմյան, Վարազդատ Հարությունյան, Կոնստանտին Հովհաննիսյան, Յան Իսահակյան, Գարրի Ռաշիդյան և այլք): Նա սկզբնապես ընտրել էր ծավալաշինարարի մասնագիտությունը: Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ղեկավարությամբ դիպլոմային աշխատանք էր պաշտպանել, որի թեման էր քաղաքապետարանի շենքը: Մեծանուն ճարտարապետի մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում. «Ջիմ Թորոսյանը շատ զարմանալի և բազմակողմանի զարգացած անձնավորություն էր: Նա պարզապես ճարտարապետություն չէր դասավանդում, այլ սովորեցնում էր սիրել մասնագիտությունը, սեր էր հաղորդում: Օրինակ՝ այնքան պատկերավոր էր պատմում Իտալական Վերածննդի ճարտարապետության մասին, որ երբ ես հայտնվեցի Իտալիայում՝ տարբեր նշանավոր հուշարձանների առջև կանգնած, ասես, ականջումս լսում էի նրա ձայնը»:

Ուսանողական տարիներից Անուշ Տեր-Մինասյանը հստակ որոշել էր տեսաբան դառնալ, ինչը պայմանավորված էր միջնադարյան ճարտարապետության հանդեպ հիացմունքով և գրելու սիրով: Այդ սկզբունքով էլ ընտրեց թեկնածուական ատենախոսության թեման՝ «Վաղ միջնադարյան հայկական միանավ եկեղեցիները»: «60-ից ավելի միանավ հուշարձան ուսումնասիրելու համար արշավախմբերով շրջում էինք սարերով ու ձորերով: Այդ ամենը համադրում էի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) շատ հարուստ գրադարաններում գրականության ուսումնասիրության հետ: Արդյունքում հաջողությամբ պաշտպանեցի Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ արժանանալով նշանավոր ակադեմիկոսների դրական գնահատանքին»,-հիշում է զրուցակիցը:

Անուշ Տեր-Մինասյանը մեծ ակնածանքով է հիշում ճարտարապետության գիտության  այն մեծերին, որոնց հետ բախտ է ունեցել աշխատել ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնում (Գառնու տաճարը վերականգնած Ալեքսանդր Սահինյան, Արմեն Զարյան, Լևոն Բաբայան, Ստեփան Մնացականյան, Մուրադ Հասրաթյան և այլք): Մեծ ոգևորությամբ հիշում է նաև իր մասնակցությունն ինստիտուտի կազմակերպած միջազգային՝ հայ-իտալական, հայ-վրացական և այլ գիտաժողովներին:


Իրագործված երազանքն ու թանգարանային կյանքը

Երկար տարիներ Անուշ Տեր-Մինասյանը փայփայել է մասնագիտությանը նվիրված ամսագիր ունենալու երազանքը, որն ի վերջո իրականություն է դարձել: Ավելի քան 10 տարի նա որպես մասնագիտական խմբագիր է աշխատել և բազմաթիվ հոդվածներ հեղինակել Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների հիմնադրած «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրում՝ բացահայտելով ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների և արվեստանոցների առանձնահատկությունները, կերտելով ճարտարապետների  դիմանակարները, բարձրաձայնելով հուշարձանների պահպանության խնդիրների կարևորությունը, անդրադառնալով ոլորտին նվիրված միջազգային նշանակալի միջոցառումներին: Զուգահեռաբար դասախոսել է բուհում և եղել Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն՝ մեծ սիրով իրագործելով թանգարանային կյանքի աշխուժացման հետաքրքիր ծրագրեր: 2016թ.-ին առանց վարանելու համաձայնել է ստանձնել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2018թ.՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կյանքի կոչելով սիրելի մասնագիտության հետ կապված գաղափարները: «Յուրահատուկ էր «Առաջինները» խորագրով ցուցահանդեսը՝ Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանին և Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանին նվիրված: Հոգուս պարտքն էի համարում Ջիմ Թորոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ վարպետի և նրա արվեստանոցի ճարտարապետների աշխատանքների ցուցահանդես կազմակերպելը, որը նույնպես շատ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: Ցույց տվեցինք նաև Հյուսիսային պողոտայի ողջ պատմությունը՝ գոյություն ունեցող տարբեր նախագծերով: Երկարատև նախապատրաստությունից հետո հյուրընկալեցինք «Անիի քարերի պոեզիան» խորագրով փառահեղ ցուցահանդեսը Թուրքիայից»,-հիշում է մեր զրուցակիցը:

Թանգարանի աշխատակիցների համատեղ ջանքերով կյանքի են կոչվել տարբեր թեմաներով կոնֆերանսներ, դասախոսություններ: Անուշ Տեր-Մինասյանի համոզմամբ՝ ճարտարապետության թանգարանը պետք է լինի Երևանի գլխավոր թանգարաններից մեկը. «Ճարտարապետությունն այն ոլորտն է, որի շնորհիվ աշխարհում մենք մրցունակ ենք եղել, նույնիսկ առաջինն ենք եղել շատ հարցերում»:


Ունիֆիկացիան և նորույթը ճարտարապետության մեջ

Անուշ Տեր-Մինասյանի հետ զրուցելով անհնար է չխոսել ճարտարապետության և, ընդհանրապես, արվեստի մասին: Միջազգային ասպարեզում մերօրյա հայկական ճարտարապետության զբաղեցրած տեղի մասին մտորելիս նա մատնանշում է համընդհանուր ունիֆիկացիան. «Բոլոր երկրներում, քիչ թե շատ, նույն ձևերն են կիրառվում՝ չնայած բավական բարձր մակարդակի հայկական նախագծեր ունենք և առաջադեմ երիտասարդություն: Բայց կգրավե՞ն արդյոք նրանց աշխատանքներն այն տեղերը, որ զբաղեցրել են միջնադարյան հուշարձանները… Լավագույն նախագծերում զգացվում է հայկական ճարտարապետական ավանդույթների ազդեցությունը, բայց ազգայինը չի նշանակում կրկնություն. պետք է կարողանալ գտնել ազգայինի նոր ձևը, ինչը և արել են մեր ճարտարապետները՝ թե΄ կոնստրուկտիվ, թե΄ շինարարական, թե΄ գեղարվեստական նորույթ ստեղծելով: Ճարտարապետության պատմության մեջ ամեն դարաշրջան ունեցել է իր առանձնահատկությունները: Օրինակ՝ զարգացած միջնադարում, քաղաքացիական ճարտարապետությանը հետևելով, սկսել են մեծ տեղ հատկացնել դեկորատիվ հարդարանքին. դա նոր մոտեցում էր»: Զրուցակցի գնահատմամբ՝ այսօր նորույթը պակասում է: Եկեղեցի կառուցելը յուրաքանչյուր ճարտարապետի երազանքն է, բայց ճարտարապետները պետք է կարողանան գտնել իրենցը՝ ժամանակին համահունչ նոր կերպարը:


Հ.Գ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի 2023թ. հունվարի 23-ի հրամանով՝ քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանական օրվա առթիվ Անուշ Տեր-Մինասյանը պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով։


Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմի, ճարտարապետների և շինարարների հանրության անունից շնորհավորում ենք Անուշ Տեր-Մինասյանին ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռբերումներ և հաջողություններ: