ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.12.2022

Ճարտարապետ Ասլան Մխիթարյանը դարձավ 75 տարեկան

Մայրաքաղաքի սրտից վեր խոյացող թերևս ամենատպավորիչ կառույցներից մեկը՝ «Կասկադ» համալիրը, ստեղծվել է նշանավոր երեք ճարտարապետների՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի մտքի թռիչքի արդյունքում։ Հրաշալի այս եռյակից այսօր մեր կողքին է և ծննդյան 75-ամյակն է նշում Ասլան Մխիթարյանը։

Բուհն ավարտելուն պես Ջիմ Թորոսյանի արվեստանոցում «մասնագիտական թրծում» անցնելուց և տարբեր աշխատանքներ համահեղինակելուց հետո Մխիթարյանը գծել է ճարտարապետի իր ուղին, կերտել սեփական ձեռագիրը։ Որպես ստեղծագործող՝ ասելիքը նա փոխանցել է՝ ձևավորելով իր արվեստանոցը, և կրթել է մասնագետների նոր սերունդներ:

Ասլան Մխիթարյան ճարտարապետի մասին խոսելիս Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Հայկազուն Գրիգորյանը բազմաթիվ հետաքրքիր գործերից բացի առանձնացնում է նաև նրա ստեղծած տառաձևը, որը կարելի է տեսնել տարբեր աշխատանքներում, օրինակ՝ «Խաչքարերի այգում» տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանի վրա։ «Յուրահատուկ է նաև նրա խաչքարային արվեստը՝ հիշեցնում է միջնադարյան արվեստը, միաժամանակ, առանձնանում ժամանակակից քանդակային լուծումով և ծավալների աննախադեպ դինամիզմով»,-ընդգծում է Ա. Գրիգորյանը:

Ասլան Մխիթարյանը և նրա արվեստանոցի ճարտարապետներն են Եռաբլուր պանթեոնի հատակագծի ու ճարտարապետական լուծումների հեղինակները: Համագործակցելով քանդակագործների, նկարիչների հետ, ինչպիսին, օրինակ՝ Արա Շիրազն է՝ նա հեղինակել է Զորավար Անդրանիկի ձիարձանը, Սերգեյ Փարաջանովի, Հովհաննես Շիրազի մահարձանները, Վազգեն Սարգսյանի հուշապատը: Ստեղծել է Հայրենական պատերազմում զոհվածներին, ֆիդայիներին նվիրված հուշարձանները, Երևանում Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը, Գարեգին Նժդեհի հուշարձանը, հեղինակել բնակելի տներ և այլն: Ներկայում նրա նախագծով ընթանում են Ս. Էջմիածնի Մայր Տաճարի տարածքում մոմավառության սրահի կառուցման աշխատանքները:

Ասլան Մխիթարյանը 1993-1996թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման:

Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է հարգարժան Ասլան Մխիթարյանին՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ: