07.12.2022
Աղետի գոտու բնակարանային ծրագրի ամփոփում, տնակային շինությունների խնդրի լուծման մեկնարկ
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակում 5391 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է: Այդ նպատակով 2008-2021թթ. հատկացվել է 70 մլրդ դրամ: 2008 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում շահառու է դարձել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք:
«Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Վերջիններս նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
Նա տեղեկացրել է, որ դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը: Բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը վերականգնած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրի տրամադրման միջոցով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում 1 սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով: 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել:
Տանյա Արզումանյանն անդրադարձել է նաև նոր մեկնարկող ծրագրին, որի շրջանակում 2023 թվականից նախատեսվում է աղետի գոտու բնակավայրերը փուլային եղանակով ազատել ոչ հիմնական շինություններից:
«Երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող»,-նկատել կոմիտեի ներկայացուցիչը: Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն:
Կառավարության որոշման շրջանակում մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները մարզպետարանների միջոցով պետք է Քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տվյալները՝ դասակարգված ըստ խմբերի, և դրանց համապատասխան կիրականացվեն աջակցության միջոցառումները:
Աջակցության առաջին տեսակը բնակարանի գնման վկայագրի տրամադրումն է: Այն տրվելու է ընտանիքներին, որոնք բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու են դարձել, սակայն տարբեր պատճառներով չեն իրացրել իրենց իրավունքը: Նույն մոտեցումն է նախատեսված նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն ընտանիքների պարագայում, որոնք բաց են թողել աջակցություն ստանալու ժամկետները:
Բնակարանների գնման վկայագիր կստանան նաև նրանք, ովքեր, թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով դարձել է քանդման ենթակա:
Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն բազմանդամ ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել ժամանակին զբաղեցրած տնակներից մեկը չքանդել: Եվ հիմա այդ տնակի դիմաց պետությունը կտրամադրի աջակցություն:
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնք տրոհվել են, և մի մասը նախորդ տարիներին ստացել է կորցրած բնակարանի չափով աջակցություն, մյուս մասը մնացել է տնակներում: Ֆինանսական աջակցություն կստանա այդ երկրորդ խումբը:
Աջակցության մյուս ձևը վարձակալության համար գումարի տրամադրումն է մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կա՛մ հասցեական չեն օգտագործել, կա՛մ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի այդ ընթացքում ազատեն տնակը:
Հաջորդը սոցիալական բնակարանային ֆոնդի նախատեսումն է այն ընտանիքների համար, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել, սակայն չունեն վերը թվարկված կարգավիճակներից որևէ մեկը: Սոցիալական բնակարանային ֆոնդը կհատկացվի տարբեր մոտեցումներով՝ կախված կարգավիճակից, հնարավորություններից. կարող է գործել սոցիալական վարձակալության տարբերակ, հետգնման և այլն:
Կցուցաբերվի նաև տնակները քանդելու համար 6 ամիս ժամկետ տրամադրելու մոտեցում: Սա այն ընտանիքներին է վերաբերում, որոնք պետությունից ստացել են բնակարան, սակայն մինչ օրս չեն քանդել տնակը և չեն սեփականաշնորհել իրենց հատկացված բնակարանը: Չտեղափոխվելու, առկա սեփականության իրավունքը չգրանցելու և տնակները չքանդելու դեպքում ժամկետի ավարտից հետո համայնքն իրավասու է ինքնուրույն կազմակերպել այդ գործընթացը:
Մյուս մոտեցմամբ՝ պետական կամ բարեգործական այլ ծրագրերի շրջանակում բնակարանային պայմանները բարելաված ընտանիքները պետք է մեկ ամսվա ընթացքում քանդեն տնակը:
Միջոցառումների մյուս խումբը վերաբերում է առանց որևէ աջակցություն ցուցաբերելու ընտանիքների վերաբնակեցմանը: Այս խմբում ընդգրկված են այլ հասցեներում սեփականության իրավունք ունեցող, բայց տնակում ապրողները, բարեգործական տարբեր ծրագրերի ընթացքում աջակցություն ստացած, բայց տնակը չքանդած ընտանիքները, ինչպես նաև ոչ բնակության նպատակով օգտագործվող կամ, առհասարակ, լքված տնակները:
«Հարկ է նշել, որ քանդումը կառավարության որոշմամբ դրված է բնակիչների վրա, քանի որ դրանց քանդումից առաջացող շինանյութերի տնօրինման իրավունքը վերապահված է քաղաքացուն: Սակայն չքանդելու դեպքում այդ պարտականությունը և բխող իրավունքները փոխանցվելու են համայնքին»,-ընդգծել է Տանյա Արզումանյանը: Նա հավելել է, որ գործընթացներ են նախատեսված նաև քարաշեն տնակների պարագայում:
Կարևոր հանգամանք է այն, որ աջակցությունները տրամադրվելու են ծրագրի իրականացման ընթացքում Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների հիման վրա՝ շուկայում 1 քառ. մետրի արժեքը հիմք ընդունելով:
«Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ նախատեսված աշխատանքները մեկնարկելու են 2023 թվականից և ավարտվելու են 2027 թվականին: