17.11.2022
Ազգային ժողովն ընդունել է քաղաքաշինության ոլորտին վերաբերող նախագծերը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քաղաքաշինության ոլորտին վերաբերող նախագծերը:
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգում
««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարության համար սահմանվել են լիազորող նորմեր` անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման և վերակառուցման` 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով: Դա հնարավորություն կտա մշակել և ընդունել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, այնուհետև դրանցով սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն` իրագործել հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր:
Այդպիսով կառավարությունը իրավասու կլինի սահմանել հիմնախնդրի կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր ելույթում նշել է, որ տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը, և այդ թիվն աճման միտում ունի: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևանին՝ 120 շենք, Լոռու և Շիրակի մարզերին՝ համապատասխանաբար 149 և 123 շենք: Առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածության 1200-ից ավելի անհատական բնակելի տուն:
Լիցենզավորման գործընթացը՝ նոր սկզբունքներով
Ընդունված օրենսդրական մյուս փաթեթով փոփոխություններ և լրացումներ են կատարվել 4՝ «Քաղաքաշինության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքներում:
Իրավակարգավորումների առաջին ուղղությունը քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ ըստ դասերի լիցենզավորումն է: Օբյեկտների ռիսկայնության հիման վրա սահմանվել է 3 դաս: Առաջին դասի չափանիշներին բավարարող կազմակերպություններն իրավունք կունենան իրականացնելու ցանկացած բարդության քաղաքաշինական գործունեություն. 1-5-րդ աստիճանի ռիսկայնության բոլոր օբյեկտներն՝ առանց սահմանափակումների: Երկրորդ՝ միջին դասի կազմակերպություններին կտրվի իրավունք իրականացնելու մինչև 3-րդ, իսկ 3-րդ դասին՝ 1-ին և 2-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների քաղաքաշինական գործունեություն:
Դասակարգումը կապահովի մրցակցային արդար դաշտ և կառուցապատողների շահերի պաշտպանվածություն: Միաժամանակ դաշից դուրս չեն մղվի և զարգացման հնարավորություն կունենան նորաստեղծ կազմակերպությունները:
Լիցենզիան կտրամադրվի ոչ թե անժամկետ, այլ 5 տարով:
Դասակարգման այս բոլոր սկզբունքները վերաբերում են քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակներին: Սահմանվել են քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության 5 տեսակ՝ 6-ի փոխարեն. նախագծային փաստաթղթերի մշակում-կազմում, նախագծային փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, հետախուզման-հետազննման աշխատանքներ:
Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել ոլորտի մասնագետների հավաստագրման ինստիտուտ և շարունակական մասնագիտական զարգացման համակարգ:
Հաջորդ ուղղությունը լիցենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների միասնական թվային ռեեստրների ստեղծումը, վարումը, հաշվետվությունների ստացումը և հավաքագրված տեղեկատվության վերլուծությունն է՝ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ: Դրա հիման վրա կկատարվի կազմակերպությունների և մասնագետների վարկանիշավորում՝ ինքնաշխատ համակարգով՝ ըստ բանաձևի՝ բացառելով մարդկային գործոնը: Վարկանիշային ցանկերի կազմումը հնարավորություն կտա պատվիրատուներին (և պետական, և՛ մասնավոր հատվածների) ծրագրերի իրականացման ժամանակ ընտրել տվյալ օբյեկտի կառուցման համար բոլոր պահանջները բավարարող կապալառու կազմակերպություն: Սա դրականորեն կանդրադառնա քաղաքաշինական ծրագրերի իրականացման որակի և ժամկետների, ինչպես նաև գնումների գործընթացի վրա:
Հստակեցվել են նաև քաղաքաշինության ոլորտի սուբյեկտների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: Աշխատանքի ընթացքում առաջացող խնդրի դեպքում թույլ տված սխալի համար ավելացվել է պատասխանատու մասնագետին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 12 ամիս անց:
Տուգանքի որոշման մեխանիզմ՝ առանց նախահաշվային փաստաթղթերի իրականացվող կառուցապատումը ժամկետում չավարտելու դեպքում
Երրորդ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթով հստակ սահմանվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում: Սահմանվել է նաև կառուցապատումը ժամկետում չավարտելու պարագայում կիրառվող տուգանքի չափի որոշման մեթոդաբանություն:
Դավիթ Գրիգորյանի դիտարկմամբ՝ հաճախ կառուցապատումն իրականացվում է առանց նախահաշվային փաստաթղթերի, ինչը չի հակասում օրենսդրությանը. «Ժամկետների խախտման դեպքերում, սակայն, հնարավոր չի լինում սահմանել տուգանքի չափ, քանի որ գործող օրենսդրությամբ դա որոշվում է նախահաշվային արժեքի հիման վրա»: Նոր նախագծով սահմանվել է տուգանքի որոշման մեխանիզմ՝ խոշորացված ծախսերի կիրառմամբ: