03.11.2022
Կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ մի քանի բնակավայրերի երեխաների համար
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում և փոփոխություններ ու լրացումներ իր մեկ այլ որոշման մեջ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Որոշմամբ ԿԳՄՍ 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կկատարվի վերաբաշխում՝ 62,098.3 հազար դրամ գումարի չափով՝ մարզերում մոդուլային կրթահամալիրների կառուցման նպատակով, ինչպես նաև 139,780.4 հազար դրամը կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, ինչպես նաև Արարատի մարզի Դեղձուտի և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքները, Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացը: Նրա խոսքով՝ կրթական բարեփոխումների շրջանակում ձևավորվել է նոր մոտեցում, որով, անկախ աշակերտների քանակից, նոր կրթահամալիրները պետք է ունենան առնվազն 12 դասարան և մեկական դասասենյակ՝ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիաների, առնվազն 2 խմբասենյակ՝ նախադպրոցական ուսումնառության համար: Նշված պահանջները բավարարող 10 մոդուլային կրթահամալիր կկառուցվի Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերում՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, որոնք կլինեն ոչ միայն զուտ դպրոցներ, այլև համայնքային-մշակութային կենտրոններ: Նախարարը նշել է նաև, որ ավարտվել են Սյունիքի մարզի մյուս բոլոր խոշորացված համայնքների, գյուղական բնակավայրերի համար կրթահամալիրների տեղորոշման և տեղազննության աշխատանքները, որի արդյունքում կազմվել են 53 նոր կրթահամալիրի կառուցման/վերակառուցման աշխատանքների տեխնիկական նկարագրերը: Քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել նաև մյուս 9 մարզերի գյուղական բնակավայրերի համար, որոնք վերլուծության փուլում են: Աշխատանքները ներառված են 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման ծրագրում:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս թեման մի քանի անգամ քննարկել ենք, այդ թվում՝ Կառավարության նիստում: Գաղափարը հետևյալն էր՝ գիտեք, որ, ցավոք, վաղուց Հայաստանում կա պրոբլեմ, երբ գյուղական բնակավայրերում դպրոցները, ըստ էության, կորցնում են աշակերտներին և գնում են փակման ուղղությամբ: Մենք նաև քաղաքական խնդիր ունենք՝ հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի: Ունենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ մինչև 2026 թվականը կառուցելու, ստեղծելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու խնդիր: Հիմա այս համատեքստում գալիս էր հարցը, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա: Այդ գաղափարը քննարկելիս եկանք եզրակացության, որ պետք է ստեղծենք, կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար: Ընդ որում, այդ կրթահամալիրներն իրենց մեջ կներառեն, ըստ անհրաժեշտության, և՛ դպրոցական, և՛ մանկապարտեզային բաղադրիչ:
Կան գյուղեր, որտեղ քննարկման արդյունքում կամ հաշվի առնելով իրողությունը՝ եկանք եզրակացության, որ մեկ գյուղի մասշտաբով պետք է լինի կրթահամալիր, որովհետև եթե կա ներուժ, որ այդ գյուղում լինի և՛ դպրոց, և՛ մանկապարտեզ, բնական հարց է ծագում՝ ինչու փոքր թվով աշակերտներով դպրոցի և մանկապարտեզի համար ունենալ 2 առանձին մարզադահլիճ և այլ ենթակառուցվածքներ, ինչը գործնականում նշանակում է չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Համենայնդեպս, փաստացի այս պահին իրավիճակն այդպիսին է: Մենք որոշեցինք գնալ այդ ճանապարհով և առաջինն այս ծրագիրն իրականացնել Սյունիքի մարզում, սկսել Սյունիքի մարզից:
Սյունիքի մարզում կողմնորոշվել ենք, որ 53 կրթահամալիրը մեր այս բարձրացրած խնդիրները լուծում է, և այս որոշմամբ մենք առավել կոնկրետացնում ենք մեր անելիքները Կապան խոշորացված համայնքում, պարոն նախարարն արդեն նշեց: Այժմ հերթով նշեմ, թե ինչ կրթահամալիրներ ենք կառուցում. Աճանան բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիր ենք կառուցում, որը գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, այսինքն՝ տեսնում ենք, որ այսօր կա այն ներուժը, որ կլինեն բավարար թվով աշակերտներ, Օխտարում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Օխտար, Շրվենանց, Տավրոս, Նորաշենիկ, Անտառաշատ, Առաջաձոր, Ձորաստան, Ներքին Խոտանան և Վանեկ բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Արծվանիկում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Արծվանիկ և Կաղնուտ բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Գեղանուշ բնակավայրում - բոլորը Կապան խոշորացված համայնքի բնակավայրեր են - մոդուլային նոր կրթահամալիր ենք կառուցելու, որը գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Սյունիք բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Սյունիք և Վարդավանք բնակավայրերի երեխաների համար, Եղեգ բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Եղեգ, Չափնի, Սևաքար բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ծավ բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ճակատեն բնակավայրում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Ներքին Հանդում նոր մոդուլային դպրոցի կառուցում՝ գործելու է միայն տվյալ բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Շիկահողում մոդուլային նոր կրթահամալիրի կառուցում՝ գործելու է Շիկահող և Սրաշեն բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ի սկզբանե մոդուլային սկզբունքով նախատեսված է ևս 3 կրթահամալիր Կապան խոշորացված համայնքում. Եղվարդ բնակավայրում՝ Եղվարդ, Ագարակ, Խդրանց, Ուժանիս բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Դավիթ Բեկ բնակավայրում՝ միայն բնակավայրի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար, Վերին Խոտանան բնակավայրում՝ Վերին Խոտանան, Աղվանի, Տանձավեր բնակավայրերի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար»:
Երկրի վարչապետը հետաքրքրվել է պատասխանատուներից 53 կրթահամալիրի նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքից: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նախ զեկուցել է 13 կրթահամալիրի կառուցման ընթացքի մասին՝ նշելով, որ 3-ի նախագծերը՝ Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ համայնքներում, նախատեսվում է ունենալ այս տարի և հայտարարել շինարարության մրցույթները, մյուսները՝ 2023 թվականի առաջին եռամսյակում: 53 կրթահամալիրի մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային աշխատանքները դեռևս պատվիրված չեն, քանի որ ուսումնասիրությունները նոր են ավարտվել և ներկայացվել ԿԳՄՍ, առաջիկայում նախատեսում է սկսել նախագծման գործընթացը: