04.10.2022
Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Վարպետաց տուն» կենտրոնի տնօրենին
Քաղաքաշինության կոմիտեում քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում հյուրընկալել են «Վարպետաց տուն» կրթական կենտրոնի տնօրեն Շոշանա Շահբազյանին: Շինարարության ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման կենտրոնի տնօրենը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, խորհրդական Արտավազդ Թարխանյանին և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ քննարկելու համար համագործակցության հնարավորությունը:
Կենտրոնը կազմակերպում է տեսական և գործնական հնգամսյա դասընթացներ՝ «սանտեխնիկ», «էլեկտրիկ», «եռակցող» մասնագիտացումներով՝ տրամադրելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված վկայական և երաշխավորելով աշխատանք գործընկեր շինարարական կազմակերպություններում:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է կենտրոնի՝ արհեստավորների պատրաստման հանձնառությունը և կիսել այդ ուղղությամբ երիտասարդ մասնագետների պակաս ունենալու մտահոգությունը: Որոշվել է դիտարկել խնդրի լուծման ուղղությամբ հնարավոր նախաձեռնությունները և աջակցել մասնագիտական կառույցների հետ կենտրոնի համագործակցության կայացմանը: