ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.09.2022

Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում

Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվեց ականավոր հայ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը թանգարանը կազմակերպել էր ճարտարապետի թոռնուհի Աննա Միքայելյանի հետ համատեղ:

Երեկոյի ընթացքում մեծ վարպետի թոռնուհին ընթերցեց հատվածներ Սամվել Սաֆարյանի ինքնակենսագրությունից, որում հեղինակի մոտեցումներն են ճարտարապետությանը և հատկապես ազգային ճարտարապետությանը: Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հետաքրքիր դրվագներ պատմեց իր ճարտարապետ պապիկի՝ Մարկ Գրիգորյանի և Սամվել Սաֆարյանի ընկերության, մասնագիտական համագործակցության մասին: Իսկ ճարտարապետ Կարեն Բալյանը ներկայացրեց Սամվել Սաֆարյանի ստեղծագործական ուղին և նախագծերում կիրառված սկզբունքները: Ցուցադրվեցին նաև ճարտարապետի աշխատանքների լուսանկարները:

Սամվել Սաֆարյանը Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժնի առաջին յոթ շրջանավարտներից մեկն էր, ովքեր, շարունակելով Ալեքսանդր Թամանյանի գործը, ստեղծեցին հայկական ճարտարապետության նոր դպրոցը: Նրա ուսանողներից՝ ճանաչված ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանն ու Սաշուր Քալաշյանը միջոցառման ներկաների հետ կիսվեցին վարպետի մասին իրենց հիշողություններով: Խոսելով մեծ ճարտարապետի ինքնատիպ ձեռագրից՝ նրանք կարևորեցին նաև ուսուցչի մարդկային արժանիքները՝ անսահման բարությունը, երիտասարդների և գործընկերների հետ շփման անկեղծությունը: «Նրա բոլոր ստեղծագործությունների հիմքում համաչափության սկզբունքն է դրված: Համաչափությունը վարպետորեն կիրառելու արդյունքում ստացվում էր նախագիծ, որտեղ ոչ մի ավելորդություն չկար»,-նկատեց Սաշուր Քալաշյանը:

Հատկանշական է, որ Վիկտոր Համբարձումյանը Սամվել Սաֆարյանին էր դիմել Բյուրականի աստղադիտարանի համալիրի նախագծման համար՝ վստահելով նաև աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը: «Աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է Հայաստանի Հանրապետության ազգային արժեք, իսկ Միջազգային աստղագիտական միության կողմից՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն նաև ճարտարապետական ուրույն համալիր ունենալու շնորհիվ»,-ընդգծեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Մեծավաստակ ճարտարապետին նվիրված երեկոյին ներկա էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Նա Աննա Միքայելյանին շնորհակալություն հայտնեց՝ Սամվել Սաֆարյանի ստեղծագործական հետագիծը վերհիշելու և վերարժևորելու առիթն ստեղծելու համար։