23.09.2022
Բացվել է գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսը
Նկարիչների միությունում սեպտեմբերի 22-ին բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։ Հոբելյարի ներկայությամբ միջոցառման բացումն ազդարարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ցուցահանդեսի համադրող Օսյա Քարամյանը։
Միջոցառմանը հրավիրված էին նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։
Գեղանկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի որդի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի երկարամյա ռեկտոր Արամ Իսաբեկյանը ստեղծագործում է բոլոր ուղղություններով և փորձում իրեն տարբեր ոճերում՝ նատյուրմորտ, դիմանկար, բնանկար, գրաֆիկա, կոմպոզիցիա։ Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի ստեղծագործական տարբեր ժամանակահատվածներում արված 60-ից ավելի աշխատանքները։
Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 29-ը։