08.09.2022
Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները սեպտեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Նախագծի նպատակն է բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատանքի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հիշեցրել է վարչապետի 2019թ. որոշումը, որով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Կատարվել է գույքագրում, արձանագրվել են ոլորտի խնդիրները: «Կարգավորման ենթակա հարցերը տեղ են գտել Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում»,- նշել է Արմեն Ղուլարյանն ու հավելել, որ նախատեսված են բազմաբնակարան շենքի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Դրանցով պայմանավորված՝ 2020թ. հունվարի 24-ին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման» և «Համատիրության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ:
Սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի համար բացված հաշվեհամարին: Ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի, այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն ու պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը: Ֆոնդի միջոցները ենթակա են ծախսման՝ շենքի պահպանման եւ առաջացած անկանխատեսելի վնասների, մասնավորապես, վթարների վերացման պարագայում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ 2021 թ. արդյունքներով Հանրապետության 19.183 բազմաբնակարան շենքից բանկային հաշիվներ չեն բացել 4.140-ը, իսկ 1.316-ի մասով հաշվիները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող 8 հաշիվներով:
Կարգավորումները շրջանցելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն արարքը 2-րդ անգամ կատարելու դեպքում սահմանված տուգանքը կկրկնապատկվի: