ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.09.2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ հետևելու շինարարական ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։

Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին համայնքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցներում, որտեղ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքներ։ 136.7 մլն դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսի 9-ից։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նշված փողոցների մայթերը` 1420մ երկարությամբ։

Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել նաև Էջմիածնի Չարենց թաղամասում ընթացող ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներից։ Նշենք, որ այդ տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայել է կոյուղատար համակարգը, ներկայում կառուցվում է մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագրի ուղղակի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։ Տվյալ ծրագրի իրականացմամբ ոչ միայն կբարելավվեն բնակչության կենցաղային պայմանները, այլ նաև հնարավորություն կստեղծվի հետագայում փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

Վաղարշապատի «Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց»-ը փոխվարչապետի հաջորդ կանգառն էր։ Այնտեղ պետական բյուջեի միջոցներով ներկայում կառուցվում է նոր մարզադահլիճ։ Շինհրապարակում փոխվարչապետին դիմավորել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և կապալառու կազմակերպության տնօրեն Աշոտ Վարդանյանը՝ ներկայացնելով շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես՝ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն 2023թ.-ին՝ պատրաստ լինելով նախքան ուսումնական տարվա մեկնարկը:

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակում, որտեղ այս պահին ավարտվել են աջ երթևեկելի գոտու ասֆալտբետոնի ծածկի իրականացման աշխատանքները, ընթացքի մեջ են ձախ երթևեկելի գոտու աշխատանքները։

Փոխվարչապետը հետաքրքրվել է նաև Երևան-Արմավիր մայրուղու՝ Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի նորոգման հարցով, ինչին ի պատասխան Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հիմնանորոգում պահանջող այդ հատվածը ներառված է ճանապարհաշինական ծրագրում, նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և, կախված դրա ժամկետից ու եղանակային բարենպաստ պայմաններից, հիմնանորոգումը կսկսվի կամ այս տարեվերջին կամ 2023 թվականի գարնանը:

Փոխվարչապետը ընթացող շինարարությունների մասով տվել է մի շարք հանձնարարականներ։