ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.08.2022

Ճարտարապետության և շինարարության համալսարանի շուրջ 500 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտներն օգոստոսի 26-ին ստացան իրենց ավարտական դիպլոմները Գառնիի տաճարի բակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ և ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Իր ելույթի ընթացքում փոխվարչապետը մաղթեց, որ շրջանավարտներն իրենց ուժն ու գիտելիքը ծառայեցնեն հայրենիքի հզորացմանը «Բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր կարևոր տեղն է զբաղեցնում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը պատրաստում է մեր երկրի շենացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող մասնագետների, որոնք, վստահ եմ, պատվով են կատարելու երկրի կառուցման հարցում իրենց վերապահված այս առաքելությունը»։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով բուհի շրջանավարտներին, ընդգծեց, որ կրթությունն է այն բանալին, որով նրանք պետք է բացեն դեռ փակ դռները և հարթեն դեպի բարգավաճում տանող ուղիները:
Ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների շինարարական լայնածավալ ծրագրերին անդրադառնալով՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ ոլորտը դարձել է ոչ միայն հետաքրքիր և ստեղծագործական, այլև ռազմավարական նշանակության առաջնայնություն: Հետևաբար շինարարության ոլորտում որակյալ մասնագետների պահանջարկն ավելի է մեծացել:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իր ելույթում շրջանավարտներին մաղթեց, որ առաջին քայլերը մասնագիտական գործնական միջավայրում կատարեն վստահությամբ, սեփական գաղափարները կյանքի կոչելու մեծ խանդավառությամբ և մասնագիտական կոչմանը ծառայելու պատրաստակամությամբ «Որպես Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ ինձ համար ևս այս օրը հատկանշական է: Մեծ սպասելիքներ ունեմ, որ մասնագիտական ասպարեզում կհայտնվեն թարմ գաղափարներ, ներուժ ունեցող երիտասարդներ, ովքեր կա´մ կհամալրեն կոմիտեի շարքերը, կա´մ իրենց կդրսևորեն մասնավոր ոլորտում և բոլոր դեպքերում էլ կնպաստեն մեր երկրում քաղաքաշինության զարգացմանը»։ Արմեն Ղուլարյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում այսօր իրականացվող շինարարական մեծածավալ ծրագրերի համատեքստում առավել քան կարևոր է որակյալ մասնագետների դերը:
Շրջանավարտներին քաջալերեց նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ վստահեցնելով, որ համալսարանը ուղեկցելու և աջակցելու է նրանց մասնագիտական գործունեության ողջ ընթացքում:
Դիպլոմներ շնորհելու հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Շնորհավորանքներ հնչեցին նաև առաջին կուրսեցիների հասցեին: Ճանապարհելով 500 շրջանավարտի՝ սեպտեմբերից համալսարանն իր դռները կբացի նոր ընդունված ավելի քան 700 ուսանողի համար: