Քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ
Հարգելի´ շինարարներ, սիրելի´ գործընկերներ,
Քաղաքաշինության կոմիտեի անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա քրտնաջան, պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք երկրի առաջընթացին:
Այսօր հանրապետությունում ընթանում է ակտիվ շինարարություն՝ իրագործելու 300 դպրոցների, 500 մանկապարտեզների, հազարավոր կիլոմետր ճանապարհների և մի քանի տասնյակ ջրամբարների կառուցման ՀՀ կառավարության մեծածավալ ծրագրերը, ձևավորելու բնակելի նոր թաղամասեր, ապահովելու ժամանակակից հարմարություններով առողջապահական հաստատություններով և մարզական կառույցներով: Այս և այլ ծրագրերը կյանքի են կոչվում ոլորտի մասնագիտական ներուժի, ձևավորված աշխատաոճի, համարձակ ծրագրեր իրագործելու պատրաստակամության և ճարտարապետների ու շինարարների համագործակցության շնորհիվ: Վստահ եմ՝ կարևոր հանձնառությունը հաջողությամբ կհասնի վերջնանպատակին՝ ապահովելով լավագույն որակ և բարձր հուսալիություն:
Հայ ժողովուրդն իր էությամբ շինարար է. կառուցելու ձգտումն ասես փոխանցվում է սերունդներին գենետիկ կոդով և հայի ինքնության մաս կազմում:
Սիրելի´ գործընկերներ, ձեր աշխատանքը յուրօրինակ արարչագործություն է՝ բարդ մտահղացումները կյանքի կոչելու, նորն ու գեղեցիկը կերտելու արվեստ:
Շնորհակալությո´ւն ձեր նվիրման համար:
Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում քաղաքաշինական հարմարավետ միջավայրի կայացման:
Արմեն Ղուլարյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ