27.07.2022
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ֆորումին»
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ֆորումին», որը կազմակերպել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի» հետ համագործակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Ֆորումի նպատակն էր ամփոփել «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում` ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագիրը, որը «Հաբիթաթ Արմենիան» շուրջ 10 տարի իրականացնում է Հայաստանում: Այն միտված է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և էներգետիկ աղքատության կրճատմանը:
Ֆորումը մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի փոխնախագահ Ռիք Հեթուեյի ելույթներով: Նրանք նշել են, որ սերտորեն գործակցում են Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում, ինչի շնորհիվ 2013թ.-ից իրականացվող ծրագրի արդյունքում Հայաստանի ավելի քան 1500 ընտանիք ունի էներգաարդյունավետ բնակարան:
Ֆորումը համախմբել էր փորձագետների Հայաստանից և արտերկրից՝ փոխանակելու ոլորտի քաղաքականության բարեփոխումների, բնակելի շենքերի տվյալների կառավարման և թվայնացման վերաբերյալ գիտելիքներն ու լավագույն փորձը, որը կարելի է տեղայնացնել Հայաստանում: Զեկույցներով հանդես են եկել նաև Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ ներկայացնելով էներգաարդյունավետության բնագավառում կոմիտեի կողմից կատարվող աշխատանքները: Դրանք առավելապես միտված են օրենսդրական դաշտի բարելավմանը, էներգաարդյունավետության նորմերի մշակմանը, շենքերի պահպանման, շահագործման կանոնների ապահովմանն ու տեղեկատվական համակարգերի ստեղծմանը: Նրանք տեղեկացրել են, որ նախատեսվում է բազմաբնակարան շենքերի անձնագրավորման միջոցով ստեղծել տեղեկատվական համակարգ՝ ամփոփելով շենքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում՝ էներգետիկ բնութագրերը: Կոմիտեի ներկայացուցիչները նաև կարևորել են բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգի ձևավորումը, որին ընդառաջ պետք է մշակվեն շենքերի կառավարիչների վերապատրաստման ծրագրեր:
Միջոցառման նախօրեին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի» պատվիրակությանը՝ կազմակերպության Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի տնօրեն Բեսիմ Նեբյուի գլխավորությամբ, հյուրընկալել էին Քաղաքաշինության կոմիտեում: Շնորհակալություն հայտնելով տարիների արդյունավետ համագործակցության համար՝ կոմիտեի պատասխանատուներն ուրախությամբ արձանագրել են, որ էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային ընկալումն ու վարքագիծը փոխվել են, ձևավորվել է հանրային մեծ պահանջարկ: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու ջանքերն ուղղել Հայաստանում էներգաարդյունավետ միջոցառումների խթանմանը:
Մանրամասները տեսանյութում` https://bit.ly/3owxXKb