26.07.2022
Ցուցադրվում են գինեգործության մշակույթին նվիրված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արխիվային գործերը
Միջթանգարանային գործակցության արդյունքում հանրությունը կարող է ծանոթանալ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ գինեգործության մշակույթին նվիրված արխիվային գործերին: Հայաստանի գինու պատմության թանգարանում բացվել է այդ թեմայով ճարտարապետի էսքիզների ժամանակավոր ցուցադրությունը: Արխիվային նմուշները տրամադրել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Գաղափարը կյանքի կոչելու համար երկու թանգարանները համագործակցության հուշագիր են ստորագրել:
«Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում» խորագրով ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը ճարտարապետի ընտանիքի անդամներն ու երկու թանգարանների տնօրեններն իրենց ելույթներում նկարագրեցին գինու մշակույթի հետ մեծ ճարտարապետի կապը, որը դրսևորվել է ինչպես ճարտարապետական նախագծերում, այնպես էլ կիրառական արվեստի գործերում: «Դա այն աշխատանքն է, որը Ռաֆայել Իսրայելյանն անում էր փակ աչքերով, կարծես, առանց մեծ ջանքեր գործադրելու, բայց դրանց մեջ է երևում ստեղծագործողի մոտեցումը, վարպետի մեծությունն ու ստեղծագործական ներուժը: Նա ուներ յուրահատուկ լեզու, ինչպես ճարտարապետության, այնպես էլ կիրառական արվեստի ոլորտում, որի արտահայտումները կտեսնենք ցուցադրությունը դիտելիս»,-նկատեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Ճարտարապետի թոռ Արամ Ղանալանյանը շնորհակալություն հայտնեց երկու թանգարաններին՝ մեծ ճարտարապետի ստեղծագործական ուղու յուրահատուկ այս ճյուղը հանրահռչակելու համար:
Հայաստանի գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրությունների սրահը վերջերս է բացվել՝ առաջինն ընդունելով Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվային գործերը: «Թանգարանի նպատակն է հանրահռչակել գինու մշակույթը Հայաստանում և տարածաշրջանում` ներկայացնելով հայ ժողովրդին պատմության ընթացքում ուղեկցող խաղողագործության և գինեգործության մշակույթը»,-ընդգծեց Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը:
Ռաֆայել Իսրայելյանի արխիվային գործերի ցուցադրությունն այցելուների համար կգործի երկու ամիս:
Ռաֆայել Իսրայելյանի արխիվային գործերի ցուցադրությունն այցելուների համար կգործի երկու ամիս: