26.07.2022
Կարո Հալաբյան ճարտարապետը, նկարիչը, երգիչը…
Ճարտարապետության ոլորտում մեծություն, ում հեղինակությունը տարածված էր Խորհրդային Միության ողջ տարածքում և դրա սահմաններից դուրս, ով միաժամանակ օժտված էր մի քանի տաղանդներով. ճարտարապետ Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակն է:
Խորհրդային Միությունում Կարո Հալաբյանը նորարարական ու դասական ճարտարապետության համադրության խորհրդանիշն էր: Նրա վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանը Կարո Հալաբյանի մասին իր հուշերում նշել է, որ լինելով նոր ուղղությունների սիրահար՝ նա միաժամանակ միջնադարյան ճարտարապետության մեծ գիտակ էր և հիացմունքով էր խոսում հատկապես հայկական ճարտարապետության մասին:
Մոսկվայում մասնագիտական կրթություն ստացած մեծանուն ճարտարապետը Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ համահեղինակությամբ Խորհրդային Հայաստանում ակտիվ մասնակցել է Հայաստանի բնակավայրերի հատակագծման, կառուցապատման աշխատանքներին: 1932թ.-ից Կարո Հալաբյանն ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա գլխավորել է ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը, ղեկավարել երկրի կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների լուսաքողարկման նախագծման աշխատանքները, 1943թ.՝ Ստալինգրադի վերականգնման, իսկ հետպատերազմյան շրջանում՝ բնակելի տների նոր տիպերի նախագծերի մշակման աշխատանքները:
Լինելով խորհրդային լավագույն ճարտարապետներից մեկը՝ Հալաբյանին բարձր են գնահատել նաև արտերկրում: Նա եղել է Ճարտարապետների բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ, արժանացել Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման՝ 1939թ. Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի ձևավորման համար:
Կարո Հալաբյանի հեղինակած նշանավոր կառույցներից են Երևանում Կառուցողների ակումբը (այժմ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքը), բնակելի «Շախմատաձև տունը», Մոսկվայում խորհրդային բանակի կենտրոնական թատրոնի շենքը, Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում ՀԽՍՀ տաղավարը՝ Ս. Սաֆարյանի հետ համահեղինակությամբ և այլն: