22.07.2022
Քննարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունը
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքները՝ դիտարկելով ներդրումային ծրագրերի շրջանակում խնդիրը լուծելու հնարավորությունը:
Արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակով կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ֆինանսերի, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի կոմիտեի պատասխանատուների, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և ոլորտի ընկերություների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ դիտարկվել են հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է մշակվեն բնակարանային ֆոնդի թարմացման ծրագրերը, շեշտադրվել է գործընթացին սեփականատերերի մասնակցության և ներդրումների ու գործարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է հիմնախնդրի կանոնակարգման համար պետություն-մասնավոր համագործակցության կարևորությունը, հետևաբար բոլոր մասնակիցների առաջարկների դիտարկմամբ փորձ է արվելու գտնել լուծման հավասարակշռված և փոխադարձ ընդունելի տարբերակ:
Ֆինանսերի նախարարի տեղակալ Արման Պողոսյանը վերահաստատել է հարկային քաղաքականության համար պատասխանատու մարմնի պատրաստակամությունը՝ ձևավորելու այնպիսի հարկային միջավայր, որն առնվազն չի խոչընդոտի և կապահովի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի հաջող ընթացքը:
Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է խնդրին ցուցաբերել համակարգային մոտեցում՝ առաջնորդվելով ընդհանուր քաղաքաշինական միջավայրի նորացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման տրամաբանությամբ: Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը փոխանցել է ոլորտի կազմակերպությունների պատրաստակամությունը՝ մասնակցելու նմանատիպ ծրագրերին, նշելով, որ դա կնպաստի շինարարության ակտիվ տեմպի պահպանմանը: