12.07.2022
Վերապատրաստված ճարտարագետ-կոնստրուկտորներին վկայականներ են շնորհվել
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի գործակցությամբ անցկացված «Երկրաշարժադիմացկուն ճարտարագիտություն» խորագրով դասընթացի արդյունքում վերապատրաստված ճարտարագետ-կոնստրուկտորները վկայականներ են ստացել: Երկօրյա անվճար դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման համար նախատեսված շինարարական նորմերով սահմանված նոր պահանջները, դրանց կիրառման առանձնահատկությունները:
Վկայականների շնորհման արարողությունը տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Մասնակիցներին շնորհավորել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալ Դավիթ Գրիգորյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և դասընթացավար Տիգրան Դադայանը` հույս հայտնելով, որ դասընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները գործող մասնագետները կկիրառեն ավելի անվտանգ, սեյսմակայուն շինություններ նախագծելիս:
Կոմիտեի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ժամանակակից նորմատիվ պահանջներով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու Կառավարության հանձնառությանը՝ այդ համատեքստում կարևորելով ոլորտի մասնագետների կարողությունների բարելավումը: Արմեն Ղուլարյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի աջակցությունը «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ինչպես դպրոցների վերակառուցման ու ամրացման աշխատանքներին, այնպես էլ գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման գործին:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին համոզմունք է հայտնել, որ դասընթացը կլինի շարունակական և կնպաստի Հայաստանում սեյսմակայուն շինարարության զարգացմանը:
Վկայականների հանձնումից բացի ԱԶԲ ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ընդգրկված դասախոսներ Տիգրան Դադայանը և Լուսինե Կարապետյանը պարգևատրվել են Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով: Ի նշան կոմիտեի և ԱԶԲ երկարամյա համագործակցության՝ կոմիտեի ղեկավարը նաև հուշանվեր է հանձնել Պաոլո Սպանտիգատիին: