Հանրային ծառայողների համար վարքագծի տիպային կանոններ են ընդունվել
Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ են ընդունվել, որոնք ներկայացվել են Երևանում կազմակերպված բարձրաստիճան համաժողովին: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համաժողովին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը:
Միջոցառմանը ներկա պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ավելի քան 60 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալու պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ընդունման և իրականացման այլ երկրների փորձին։ Անդրադարձ եղավ նաև հանրային ծառայողների վերապատրաստմանը և բարեվարքության խթանմանը:
Վարքագծի տիպային կանոնների մշակումը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և նպատակ ունի ապահովել հանրային ծառայողի բարեվարք վարքագիծը, ամրապնդել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ և անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ: Տիպային կանոնների հիման վրա Հայաստանի պետական բոլոր հաստատությունների համար կմշակվեն և կընդունվեն վարքագծի հատուկ կանոններ:
Կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հանձնառությանը համահունչ՝ Քաղաքաշինության կոմիտեն մեծ նշանակություն է տալիս կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներին: Այս համատեքստում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հիման վրա համակարգի ներսում վարքագծի կանոնների խստորեն պահպանումը կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: