Հետաքրքիր համագործակցություն՝ թանգարանների միջև
Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն արխիվային նմուշներ է տրամադրել Հայաստանի գինու պատմության թանգարանին: Այստեղ նախատեսվում է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզների ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված գինեգործության մշակույթին և դրա շուրջ ստեղծված ավանդույթներին:
«Էսքիզներից մենք տեսնում ենք, որ Ռաֆայել Իսրայելյանը զգում էր գինու մշակույթի «համն ու հոտը»: Այստեղ կան գինու պիտակների, ցուցանակների նախագծեր, կուժեր, ափսեներ, գավաթներ և այլն: Մեր համոզմամբ, թանգարանի նյութերը պետք է ցուցադրվեն, իսկ այս համագործակցությունը լավ առիթ է՝ ներկայացնելու ճարտարապետի՝ կիրառական արվեստի գործերը»,-նշում է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Երկու թանգարանները համագործակցության հուշագիր են ստորագրել: Ցուցադրության բացմանն ընդառաջ վերջին շտկումներն են կատարվում: