28.03.2022
20 ճարտարագետ-կոնստրուկտոր վերապատրաստվել է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի գործակցությամբ իրականացվող «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» խորագրով դասընթացի շրջանակում 20 ճարտարագետ-կոնստրուկտոր վերապատրաստվել է: Երկօրյա անվճար դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման համար նախատեսված շինարարական նորմերով սահմանված նոր պահանջները, դրանց կիրառման առանձնահատկությունները:
Նախաձեռնության կարևորությունը բխում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականցվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրից»։ Դրա շրջանակում ԱԶԲ ֆինանսավորում է 46 դպրոցի վերակառուցումը կամ ամրացումը։ «Ծրագրով իրականացվում է նաև քաղաքականության մշակում և մասնագետների կարողությունների զարգացում, ինչը հնարավորություն կտա կանխել աղետների ռիսկը, ինչպես նաև աղետների դեպքում թեթևացնել դրանց ազդեցությունը»,-նշել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Գոհար Մուսայելյանը։
Մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կոմիտեի, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ սերտ գործակցությամբ մշակվել է երկօրյա այս դասընթացը, որին մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ճարտարագետները։ Նրանք անմիջականորեն ներգրավված են դպրոցների սեյսմակայունության բարձրացման աշխատանքներում: Մասնագիտական հանրության վերապատրաստում կազմակերպելու անհարժեշտությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի դիտարկմամբ, պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ կոմիտեն վերանայել է ՀՀ տարածքում գործող սեյսմիկ նորմերը: Արդյունքում ուժի մեջ են մտել երկրաշարժադիմացկուն նախագծային նոր նորմերը։ «Սա շարունակական մասնագիտական զարգացման մի փուլ է, որով ակնկալվում է, որ ճարտարագիտական թիմերը, լինելով առավել պատրաստված, տեղյակ գործող և փոփոխված նորմերին, կկարողանան առավել հստակ ճարտարագիտական և նախագծային լուծումներ իրականացնել իրենց առօրյա աշխատանքի շրջանակներում»,-ընդգծել է Արտավազդ Թարխանյանը։
Դասընթացի ավարտին մասնակիցների ձեռք բերած գիտելիքները ստուգվել են թեստային առաջադրանքներով։ Նրանց շնորհվել են վկայականներ:
Տեսնայութը՝ https://bit.ly/3J7LOhQ
Տեսնայութը՝ https://bit.ly/3J7LOhQ