13.06.2022
Հայաստանում անցկացվել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ազգային համաժողով
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։
Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները քննարկել են տարբեր երկրների լանդշաֆտային քաղաքականությունը, շեշտադրել քաղաքաշինական ծրագրերում հավասարակշռությունը պահպանելու և բնությունը չվնասելով զարգացման ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը:
Եզրափակիչ օրը համաժողովին ներկա են եղել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ովքեր անդրադարձել են Լանդշաֆտի կոնվենցիայից բխող պարտավորությունների շրջանակում Հայաստանում իրագործվող միջոցառումներին։ Կոմիտեի ղեկավարն առանձնացրել է համայնքների զբոսայգիների արդիականացման, սահմանամերձ բնակավայրերում նոր կանաչապատ տարածքների հիմնման նաև համայնքների համար քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնցում առանձնահատուկ տեղ է հատկացված լանդշաֆտի բոլոր տեսակների պլանավորմանը. «Կառավարության ծրագրային նպատակներից է լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման միջոցով Հայաստանում որակյալ կենսամիջավայրի պահպանությունը և ստեղծումը»։ Այդ համատեքստում փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ մարզերի զարգացման տնտեսական, քաղաքաշինական և ուրբանիզացման ծրագրերում լանդշաֆտի պահպանությունն ու ճիշտ օգտագործումը հրամայական են։ Ուստի, պահանջվում է գիտակցված վարքագիծ՝ չվտանգելու համար սերունդների ապագան իրենց բնակավայրերում։
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև «Լանդշաֆտային կրթական գործունեություն տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկի շնորհանդեսը։ Այդ առիթով Երևան էին եկել Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները։ Փորձագետները գրքույկում ներկայացված մեթոդով երեխաներին նախնական գիտելիքներ են փոխանցել լանդշաֆտի վերաբերյալ, որից հետո առաջարկել իրենց պատկերացումներն արտահայտել նկարների միջոցով։ Փորձագետները և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեծ հետաքրքրությամբ դիտարկել են փոքրիկ նկարիչների աշխատանքները և բոլորին շնորհել հավաստագրեր։
Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը կարևորել է կոնվենցիայի կրթական ուղղությունը, որի շրջանակում երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի նկատմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին, ում ջանքերով պատրաստվել է մանկավարժական գրքույկի հայերեն տարբերակը և կայացել համաժողովը։
Նշենք, որ համաժողովն իր հարկի տակ էր ընդունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկա է եղել միջոցառման բացմանը, իսկ պրոռեկտորները և դասախոսական կազմն ակտիվ մասնակցել են քննարկումներին։