11.06.2022
Վարչապետ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվում է մոդուլային դպրոց: Վարչապետը շրջայց է կատարել շինհրապարակում՝ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Շինաշխատանքները սկսվել են 2020 թվականին, կավարտվեն այս տարի: Ծրագրի արժեքն է 799 միլիոն դրամ:
Վարչապետը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին համայնքում ժամանակակից դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, բարձրացնել մասնագիտական որակավորումը, ինչի արդյունքում նաև էական կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը:
Աղբյուրը` https://bit.ly/3xvhkmu
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը` https://bit.ly/3MMhnzV
Տեսանյութ 1` https://bit.ly/3tyaWtc
Տեսանյութ 2` https://bit.ly/3b1AEjH