ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.05.2022

Հանրապետության առաջատար կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանը դարձավ 75 տարեկան

Այսօր վաստակաշատ ճարտարագետ-շինարար, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն և հանրապետության առաջատար կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանի ծննդյան 75-ամյակն է: Քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետների պալատը, Հայաստանի շինարարների միությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Կառուցապատողների հայկական ասոցիացիան շնորհավորում են հարգարժան գործընկերոջը, մաղթում քաջառողջություն և հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչելու նոր հնարավորություններ:

Գրիգոր Ազիզյանը 1970 թվականից աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Որպես հեղինակ-կոնստրուկտոր՝ նրա կատարած աշխատանքներից առանձնանում են Մարզահամերգային համալիրը, Երիտասարդական պալատի համերգասրահը, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոճանապարհային էստակադան, Ծաղկաձորի օլիմպիական լողավազանը, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը, Աբովյանի քաղաքապետարանի շենքը և այլն: Գրիգոր Ազիզյանը կատարել է բնակելի տների վերականգնման աշխատանքներ Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում։

2000 թվականից պարոն Ազիզյանը ղեկավարում է «Հայնախագիծ» ընկերությունը, որը, ունենալով քաղաքաստեղծ նշանակության կառույցների նախագծման հարուստ կենսագրություն, այսօր էլ շարունակում է ստեղծագործական նվաճումները։ Արդի շրջանի գործերից են Դիլիջանում Կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նոր մասնաշենքի, հանրակրթական դպրոցների տիպային շենքերի, բնակելի թաղամասերի, հյուրանոցների նախագծումը և այլն։

Իր գործի գիտակ Գրիգոր Ազիզյանի վաստակը մշտապես բարձր է գնահատվել։ Դեռ 1987թ. համահեղինակների հետ միասին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ Մարզահամերգային համալիրի նախագծման համար, 2009թ.՝ ՀՀ պետական մրցանակի՝ Պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար։ Պարգևատրվել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով և ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով։

 Լինելով Հայաստանի ճարտարապետների պալատի և Շինարարների միության անդամ՝ Գրիգոր Ազիզյանը ակտիվ ներգրավվել է քաղաքաշինական խնդիրների բարձրաձայնման, երկրի ճարտարապետական ինքնությունը կազմող կառույցների պահպանման գործում: