Մինչև բնակելի տան կառուցման ավարտը քաղաքացիները կստանան գնման իրավունք և կօգտվեն եկամտային հարկի վերադարձից
Քաղաքացիներն այսուհետ կարող են անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում մինչև կառուցման ավարտը կնքել անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր և հիփոթեքային վարկի ներգրավման դեպքում օգտվել նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախքան փաթեթի ընդունումն այդ հնարավորությունը գործում էր միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանի ձեռքբերման դեպքում, ինչն անհավասար պայմաններ էր ստեղծում անհատական բնակելի տան գնորդների և կառուցապատողների համար: