26.05.2022
Հաստատվել է էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
Կառավարությունը մայիսի 26-ի նիստում հաստատել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը և լրացում ու փոփոխություն կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրով նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նախագծի ներկայացման ժամանակ նշել է, որ ծրագրի իրականացման կարգը մշակել են կոմիտեն և Կենտրոնական բանկը համատեղ՝ քննարկումներ կազմակերպելով ինչպես բոլոր գերատեսչությունների, այնպես էլ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ֆինանսական կառույցների հետ:
Կարգով սահմանվում են բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի իմաստով էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շրջանակում վերանորոգման վարկերի ծախսային ուղղությունները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, ծրագրի մշտադիտարկմանը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվող և նախարարության կողմից հրապարակվող հաշվետվություններին վերաբերվող պահանջները։ Մասնավորապես, կատարվող լրացմամբ առաջարկվում է ծրագրի իմաստով վարկ դիտարկել ինչպես վերանորոգման վարկը, այնպես էլ ֆակտորինգը, հաշվի առնելով, որ մասնավորապես շինանյութերի, սարքավորումների, համակարգերի ձեռքբերման մասով կիրառելի է ֆակտորինգը: Առաջարկվում է ծրագրի համապատասխան ենթակետում վարկի սահմանաչափի մասով հանել 1քմ.-ի արժեքի մասով նշումը և թողնել միայն վարկի առավելագույն գումարը՝ հիմք ընդունելով ֆինանսական կառույցների ներկայացրած դիտարկումներն այդ դրույթի գործնական կիրառության տեսանկյան վերաբերյալ: Մասնավորապես, հսկողական մեխանիզմների, լրացուցիչ չափագրական նյութերի անհրաժեշտության տեսանկյունից: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է փոքր մակերեսով բնակարանում իրականացվեն ավելի ծախսատար աշխատանքներ և հակառակը՝ մեծ մակերեսով բնակարանի դեպքում իրականացվեն ավելի փոքր ծավալի աշխատանքներ՝ ելնելով վերանորոգման կարիքներից և ֆինանսական կառույցի կողմից հաստատվող վարկի չափից: Ծրագիրը հասանելի է ֆինանսական բոլոր կառույցներին: Վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով, և 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է վարկը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն նման որոշում ընդունելիս փորձ է արվում մի քանի խումբ խնդիրներ լուծել. ցանկացած որոշում անպայման պետք է լրացուցիչ արդյունքներ էլ ունենա. «Այս ծրագիրն այդպիսի շատ կարևոր օրինակ է: Ուզում եմ հիշեցնել, թե սրանով ինչ նպատակադրումներ ունենք: Առաջինը՝ սրանով մենք փորձում ենք մեր քաղաքացիներին աջակցել, որպեսզի բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի: Այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր՝ բնակարաների նորացման, ռենովացիայի համար: Հայաստանում բնակարանային ֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք և հատկապես՝ գյուղական վայրերում այդ խնդիրը չափազանց լուրջ է: Երկրորդ՝ մենք ունենք ոչ ռացիոնալ մակերեսների խնդիր: Խորհրդային միության ժամանակներում բնակարանները կառուցվել են ոչ ռացիոնալ չափերի, և մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Դա կարևոր է մանանավանդ հիմա, երբ տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա: Հաջորդը՝ մենք պարտադիր պայման ենք դնում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար: Սա նույնպես չափազանց կարևոր է: Հաջորդ խնդիրը՝ մենք հույս ունենք, որ այս վարկի ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր»:
Վարչապետը ծրագրի կարևոր նպատակներից է համարել նաև տարածքների համաչափ զարգացմանը նպաստելը. «Վարկերը սուբսիդավորվում են այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն տրամաբանությամբ, որ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի 0, գյուղական համայնքներինը՝ 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագրով ստացած վարկային միջոցների առնվազն 70 տոկոսն անկանխիկ ծախսելու պայմանն էլ իր հերթին կնպաստի առևտրաշրջանառության մեծ ստվերի կրճատմանը:
Աղբյուրը՝ https://bit.ly/3Gq5YE7