Այսօր ամենայն հայոց բանաստեղծի ճարտարապետ դուստր Թամար Թումանյանի 115-ամյակն է
2022 թվականի մայիսի 10-ին ճարտարապետ, Հովհաննես Թումանյանի դուստր Թամար Թումանյանի ծննդյան 115-ամյակն է: Թամար Թումանյանն աշխատել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում: 1935թ.-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նրա նախագծերով կառուցվել են մի շարք շենքեր և շինություններ Երևանում, այլ քաղաքներում, հյուրանոց՝ Սիսիանում: Թամար Թումանյանը մասնակցել է Երևանում կառավարության ընդունելությունների տան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծերի մշակման աշխատանքներին։ Հետագայում ընդունվել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արվեստանոց: Եղել է Ճարտարապետների միության քարտուղար, Ճարտարապետական հիմնադրամի նախագահ:
1966-89թթ. ղեկավարել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը և իրագործել «Վերնատունը» վերականգնելու գաղափարը: Նրա տնօրինության տարիներին կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, ստեղծվել «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:
1977թ. Թամար Թումանյանն արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: