Մարկ Գրիգորյանի «Երևան. քաղաքի կենսագրությունը» գիրքը և Երևանի Մարկ Գրիգորյան ճարտարապետը
Մայրաքաղաք Երևանին նորից սիրահարվելու և նորովի բացահայտելու լավ առիթ է ստեղծում վերջերս լույս տեսած «Երևան. քաղաքի կենսագրությունը» («Ереван. Биография города») գիրքը: Դա հեղինակի՝ Մարկ Գրիգորյանի յուրօրինակ սիրո խոստովանությունն է քաղաքին, որն իր դիմագիծը ստացել է նաև նրա պապիկի՝ մեծանուն ճարտարապետ Մարկ Գրիգորյանի շնորհիվ: Մեծ վարպետի կենսագրությունից անհնար է ջնջել Երևանը և հակառակը՝ Երևանի կենսագրության մեջ չհիշատակել Մ. Գրիգորյանին: Մի քանի հազարամյակներ ձգվող քաղաքի կյանքի հայտնի ու անհայտ դրվագները գրքում ամփոփելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեին պատմել է գրքի հեղինակ, կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։
-Պարո´ն Գրիգորյան, գրքի մասին կարծիք կազմում են կարդալուց հետո։ Բայց Ձեր գրքի շապիկի յուրահատուկ ձևավորումն արդեն ստեղծում է առաջին տպավորությունը։ Կազմի պատկերով արդյո՞ք փորձել եք ասել՝ Երևանը կենդանի, շնչող էակ է և ունի իր դեմքը։
-Շապիկին Սամվել Սաֆարյանի նախագծով կառուցված Կառավարության 2-րդ շենքի զարդաքանդակներից մեկն է, որի ստվերն իրականում էլ նման էր մարդու կիսադեմի: Գրքի դիզայների ստեղծագործական մոտեցմամբ այն դարձավ տիպիկ հայկական քթով: Ճիշտ եք, ես գիրքը գրելիս փորձել եմ քաղաքի՝ որպես կենդանի, շնչող էակի մասին պատմել: Քաղաքն առանց մարդկանց իմաստ չունի: Մարդիկ են ստեղծում քաղաքի յուրօրինակությունը։
-Ինչպե՞ս ծնվեց գիրք գրելու գաղափարը: Ես գիտեմ, որ դա Լոնդոնում աշխատելու տարիներին էր:
-Հիմքում երկու գործոն կար: Մեկը՝ երևանյան կարոտն էր, որի մասին ես գրում եմ, փորձում փիլիսոփայական մեկնաբանությունը տալ, մյուսը՝ ես շատ բան ունեի ասելու Երևանի մասին: Այդ ասելիքն ուզում էր դուրս գալ իմ միջից: Երևանի մասին Լոնդոնի հայկական ընկերություններից մեկի կազմակերպած դասախոսության ժամանակ լեցուն սրահը տեսնելով՝ համոզվեցի, որ պետք է սկսածս շարունակեմ:
-Գիտական տարբեր մոտեցումներ եք ներկայացնում, անգամ Երևանի նախաուրարտական ծագման մասին: Միաժամանակ ընթերցողի հետ ասես ճամփորդում եք քաղաքով։ Ի՞նչ խնդիր էիք դրել Ձեր առջև. հաղորդել գիտական փաստե՞ր, անձնական տպավորություննե՞ր, թե՞….
-Ինձ համար կարևոր էր փոխանցել քաղաքի շունչը, ցույց տալ՝ ինչ կա Երևանում հիմա, որը վկայում է նրա դարավոր գոյության մասին: Բնականաբար, դրա համար պետք է նաև ծանոթ լինել գիտական հետազոտություններին, սակայն իմ խնդիրը չէր գրել պատմագիտական գործ։ Ես ուզում էի, որ մարդիկ կարդան և գիրքն իրենց աչքերի առջև պահած շրջեն Երևանով: Դրա համար այստեղ կան քաղաքի քարտեզն ու թաղամասերի զարգացման պատմությունը ներկայացնող նկարներ: Շատ կուզենայի, որ Երվանդ Շահազիզի «Հին Երևան» գրքի պես դառնար կարևոր աղբյուր:
-Երևանի մասին հետաքրքիր և խորհրդավոր դրվագներ եք պատմում ընթերցողին։ Իսկ գրքի ստեղծման ընթացքում ի՞նչ բացահայտումներ են եղել ձեզ համար:
-Օրինակ՝ Էրեբունիից հազարամյակներ առաջ Շենգավիթ բնակավայրի գոյության պատմությունը, Սբ. Կաթողիկե եկեղեցու պատի գրվածքը՝ միջնադարյան իրականությունը ներկայացնող («Ավետիքի որդի Սահմադինը 1264թ. գնել է Երևանն իր հողով ու ջրով»)... Բացահայտումները շատ են, որոնք շտկել են իմ մոտեցումներն ու պատկերացումները:
-Երևանի կենսագրությունը չէր կարող լինել առանց ականավոր ճարտարապետների հիշատակման: Գրքում նշում եք, որ Մարկ Գրիգորյանը միակ ճարտարապետն էր, որը համահեղինակ է եղել միաժամանակ Ալեքսանդր Թամանյանի և Նիկողայոս Բունիաթյանի հետ։ Արդյոք ստեղծագործական ընդհանուր մտածողությո՞ւնն էր նրանց միավորում։ Ո՞րն էր Մարկ Գրիգորյանի «ձեռագիրը»։
-Պապիկս աշխատում էր միաժամանակ երկուսի արվեստանոցում։ Որպես ճարտարապետ՝ նա կարողացավ ընդունել և իրենը դարձնել թամանյանական մոտեցումները: Միաժամանակ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պահեց սերն ու հարգանքը իտալական Վերածննդի ճարտարապետության հանդեպ (ինչի համար ստալինյան ժամանակներում նրան քննադատում էին): Նրա շնորհիվ է, որ մենք ունենք Հանրապետության հրապարակն այսօրվա տեսքով, Ազգային ժողովի, Դերասանների շենքերը, Տերյան 62 հասցեի Մասնագետների շենքը, որտեղ ապրել է շատ տարիներ: Փառք Աստծո, որ ուներ այդ ստեղծագործական համառությունը:
Ն.Բունիաթյանն էլ իր ոճով էր փորձում գտնել տեղը հայ ճարտարապետության մեջ, և պապիկիս հետ համատեղ աշխատանքի արդյունքը, այսպես կոչված, «Մարգարյան ծննդատունը», հենց դրա դրսևորումներից է: Բացի այդ, Մարկ Գրիգորյանը փորձում էր հետևել ժամանակակից ճարտարապետության զարգացման օրինաչափություններին: Ի դեպ, այս մասին չեն սիրում խոսել ժամանակակից ճարտարապետության տեսաբանները, բայց նա կարողացավ հասկանալ նաև հայկական մոդեռնիզմի պահանջները և կառուցել Սահմանադրական դատարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի շենքերը և այլն:
Մարկ Գրիգորյանն ուներ իրականություն չդարձած նախագիծ. առաջարկել էր եռանկյան կառուցվածք ունեցող Էրեբունիի բլրի վրա բրգաձև կառույց ստեղծել, որի գագաթից այցելուների առջև կբացվեր քաղաքի տեսարանը: Թանգարանը նույնպես պետք է լիներ բլրի գագաթին: Գաղափարը չիրականացավ, բայց ես վստահ եմ, որ դա հայկական մոդեռնիզմի ամենահետաքրքիր շինություններից մեկը կլիներ:
-Հիշատակեցիք քննադատությունները, բնականաբար եղել են նաև նախագծերի սկզբնական տարբերակների փոփոխություններ: Ինչպե՞ս է կարողացել ժամանակի պահանջները և իր պատկերացումները ճիշտ համադրել ու ստանալ այն, ինչով մենք հպարտանում ենք:
-Հետաքրքիր պատմություն կա փոստի շենքի հետ կապված: Կոնստրուկտիվիստական ոճով կառուցված շենքը Մարկ Գրիգորյանը պետք է «տեղավորեր» Հանրապետության հրապարակի էսթետիկայի և տրամաբանության մեջ: Այդ հարցը լուծելու համար նա շենքի ճակատը կտրեց, փոխարենն ավելացրեց նոր ճակատ, ապա, կողքը կառուցեց երկրորդ շենքը և երկու շենքերի վերևի հատվածը միացրեց՝ ստեղծելով հսկայական կամար, որի նման երկրորդը Երևանում կարծես չկա: Ըստ Թամանյանի՝ այդտեղով պետք է փողոց անցներ, նաև տեսարան բացվեր դեպի Արարատ: Կամարի շնորհիվ իրագործվեց երկրորդ մտահղացումը: Ցավոք, հիմա կարող ենք մոռանալ Երևանից Արարատը տեսնելու մասին...
Հետաքրքիր է նաև այն, որ Մարկ Գրիգորյանը կարողացավ գունային լուծումներով սահուն անցում ապահովել կառավարության շենքից մինչև հրապարակի առանցքային՝ պատկերասրահի բաց գույնի շենքը:
-Մարկ Գրիգորյանը նաև մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել: Անհամաձայնություններ ունեցե՞լ է կառուցված շենքերի հետ:
-Կային այդպիսի շենքեր Երևանում: Հիշում եմ՝ երբ ձեռքս բռնած արդեն մեծ տարիքում Մարտիրոս Սարյանի տուն էինք գնում, նայեց մոտակա բազմահարկ շենքին, մատը տնկեց, ասաց. «Այս շենքը ծուռ է»։ Հետո ավելացրեց. «Ափսո՜ս, Թամանյանը չկա. եթե Թամանյանն ասեր՝ շենքը ծուռ է, կքանդեին ու նորից կկառուցեին»:
-Պարո´ն Գրիգորյան, Ձեր պապիկին ստեղծագործական պրոցեսում տեսե՞լ եք:
-Տեսել եմ: Տանը նախահեղափոխական սնդուկ կար, նստում էր բազկաթոռին, տախտակը հենում ծնկներին ու սնդուկին և աշխատում։ Երբեմն ընտանիքի անդամներիս ցույց էր տալիս ավարտած գործը, լսում բոլորիս կարծիքը, հարցնում՝ որ տարբերակն ենք նախընտրում և ինչու:
-Ճարտարապետ պապիկի գործը ուղղակիորեն չեք շարունակել, բայց անմիջականորեն առնչվում եք ճարտարապետությանը:
-Քիչ էր մնում, որ դառնայի ճարտարապետ, բայց չդարձա: Գիտեք, պարտքի զգացում կա, որն անպայման պետք է արտահայտվեր: Այն ինձ բերեց այստեղ (Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ), պարտքի զգացումն ինչ-որ ձևով արտահայտվեց նաև գրքում։ Երևանի՝ հազարամյակներ տևող պատմության մեջ պապիկիս աշխատած ժամանակահատվածը՝ 20-րդ դարի կեսերը, ընդհամենը մի դրվագ է: Անշուշտ, այդ դրվագը որոշել է Երևանի տեսքը: Ես, ինչպես և հարյուր հազարավոր երևանցիներ, կուզենայի, որ մեր մայրաքաղաքը միշտ ունենար նույն գեղեցկությունը, լիներ նույն համերաշխ և համաչափ քաղաքը, որը ստեղծում էին 20-րդ դարի ճարտարապետները:
Հ.Գ. Մարկ Գրիգորյանը հետաքրքիր օրինաչափություն է նկատել. երբ փորձում է գրել Երևանի մասին, ստացվում է ճարտարապետների մասին: Այս զրույցն էլ բացառություն չէ, և այլ կերպ լինել չէր կարող. այսօր Երևանի խորհրդանշական բազում կառույցներ կերտած նրա ճարտարապետ պապիկի՝ մեծավաստակ Մարկ Գրիգորյանի ծննդյան օրն է: