Կարևորագույն նշանակության շենքերը նախագծային հատուկ լուծումներով համալրելու նպատակով պետական մարմինները կգործակցեն
Կարևորագույն նշանակության շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ՀՀ կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են նախատեսվող միջոցառումները, որոնք սահմանված ժամանակացույցով պետք է իրականացվեն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված 20 շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու և բոլոր բնակիչների համար մատչելի դարձնելու նպատակով: Որոշվել է, որ կոմիտեն կմշակի ձևաթուղթ, որով համապատասխան գերատեսչությունները կներկայացնեն յուրաքանչյուր շենքի տեխնիկական վիճակի, հարմարությունների և խնդիրների վերաբերյալ նախնական տեղեկատվություն և առաջարկներ։ Տվյալների ամբողջացումից հետո կոմիտեն եռամսյա ժամկետում կկազմի առաջնահերթ միջոցառումների ծրագիր և կներկայացնի ՀՀ կառավարություն։
«Պատմության և մշակույթի հուշարձան համարվող այս շենքերը կառուցվել են ժամանակի նորմատիվային պահանջներով։ Այժմ համատեղ ուժերով պետք է լուծենք տվյալ շենքերի՝ միջազգային նորմերին համապատասխան մատչելիության և քաղաքացիական պաշտպանության խնդիրները»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ լուծումները պետք է լինեն համալիր՝ հաշվի առնելով ինչպես շարժողական, այնպես էլ տեսողական և լսողական խնդիրներ ունեցողների կարիքները։ Նա տեղեկացրել է, որ նախատեսվում են նաև հանդիպումներ հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ՝ կարիքները հստակեցնելու համար։ Ըստ այդմ՝ կախված շենքերի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուրի դեպքում առանձին լուծում է մշակվելու։ Նախնական տվյալների և սահմանված առաջնահերթությունների հիման վրա՝ տեխնիկական վիճակի զննումից, նախագծումից մինչև շինարարություն՝ բոլոր փուլերը կատարելու են լիցենզավորված ընկերությունների մասնագիտական խմբերը։
Հիշեցնենք, որ կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված են Հայաստանի ազգային պատկերասրահի, Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի նաև գերատեսչական շենքերը, Երևանի մետրոպոլիտենի կայարանները և այլն: