«Ճարտարապետը կոչված է ստեղծագործելու հայրենի հողում». Ջիմ Թորոսյան
Եկեք այսօր ժամադրվենք Երևանում, մտովի շրջենք սիրելի մայրաքաղաքով, ողջունենք քարակերտ վկաներին, որոնք այնքան սիրելի վայր դառնալուց առաջ ծնվել են տաղանդավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և գաղափարակից ընկերների պատկերացումներում:
Ահա «Կասկադն» է կանչում հին ու նոր բնակիչներին, քաղաքի հյուրերին: Յուրօրինակ ամֆիթատրոն է՝ ներդաշնակ շրջակա միջավայրին: ««Կասկադ» համալիրի ճարտարապետությունը մոնումենտալ է և դինամիկ: Իսկ գլխավոր գաղափարը ազգային վերածննդի արտահայտումն է, որն իրականություն դարձնելու համար օգտագործվել են ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ»,-վերլուծում է ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը:
Մեկ այլ հատվածում մայրաքաղաքի «պաշտոնական հասցեն» է՝ քաղաքապետարանի շենքը՝ Երևանի պատմության թանգարանով: Այստեղ միահյուսված են անցյալն ու ներկան, շեշտադրված է նաև ուրարտական արվեստը: Ինչպես ինքը՝ վարպետն էր նկարագրում՝ «թանգարանի և քաղաքապետարանի միջև ստեղծված կապը միայն մեխանիկական չէ. հոգևոր արժեքները թանգարանից հոսում են դեպի յուրաքանչյուրի սիրտը»:
Ճամփորդությունը շարունակենք Երևանի սրտում՝ իջնելով խորքերը՝ Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Հիանանք և զմայլվենք վերգետնյա ու ստորգետնյա կառույցների համալիրով, մայրաքաղաքի սրտից ժայթքող բարձր շատրվանով, գեղազարդ լուծումներով ընդարձակ բակով։
Ջիմ Թորոսյանի անտեսանելի ուղեկցությամբ կարող ենք այցելել նաև հայ մեծանուն գրողներին ու հասարակական գործիչներին՝ կենդանություն առած հուշարձանների, հուշաքարերի շնորհիվ. Միքայել Նալբանդյան, Եղիշե Չարենց (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան)…
Իհարկե, կարող ենք գնալ Էջմիածին՝ տեսնելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գլխավոր մուտքը և բաց խորանը, մկրտարանը և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին՝ իրենց վեհությամբ: Կամ հայտնվել Սպիտակ քաղաքի՝ քաղաքաշինական լուծումներով վերածնունդ ազդարարող կենտրոնական հրապարակի համալիրում... Բայց մեկ ժամադրության համար այսքանը բավական է։ Ջիմ Թորոսյանի տաղանդի մասին քարակերտ վկաներից բացի կպատմեն ուսանողները, գործընկերները, նրան ճանաչած արվեստագետները:
«Բացառիկ սեր ուներ դեպի հայկական միջնադարյան ճարտարապետությունը և շատ լավ գիտեր այն։ Ասում էր՝ եթե նկարիչն ունի ներկապնակի ներկեր, մենք նյութերից բացի ունենք շատ կարևոր զինանոց՝ միջնադարյան վարպետների թողած ավանդույթները»,-հիշում է Անուշ Տեր-Մինասյանը և մեջբերում վարպետի նշանաբանը. «Ամեն ինչ կարող է փոխվել ճարտարապետական կառույցի մեջ, բայց գեղագիտական կատարելությունը պետք է մնա անփոփոխ»:
«Իտալական Վերածննդի արվեստի նկատմամբ իր սերը և իմացությունը համադրելով միջնադարյան հայ վարպետների խորհուն արտահայտչամիջոցների հետ՝ Ջիմ Թորոսյանը ձևավորել է ստեղծագործական վառ ձեռագիր»,-նշել է իր մենահամերգը վարպետի ծննդյան 95-ամյակին նվիրած դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:
10 տարի Երևանի գլխավոր ճարտարապետը եղած, բազմաթիվ մրցանակների և կոչումների արժանացած Ջիմ Թորոսյանն այսօր կդառնար 96 տարեկան: Հայրենի հողում ստեղծագործելու կոչմանը հավատարիմ մեծանուն ճարտարապետի բացակայությունը լրացնում են մնայուն գործերը՝ վկայելով նրա անմահության մասին: