25.03.2022
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսի բացմանը
Երևանում բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2022» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Բացման արարողությանը հրավիրված են եղել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի շինարարների միության, Դիզայներների միության նախագահները և Ռուսաստանի առևտրային պալատի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը կոմիտեի անունից շնորհավորել է ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին` նշելով, որ ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար. «Այս հարթակը հիանալի հնարավորություն է ստեղծում՝ գործարար նոր կապեր ստեղծելու, եղածն ամրապնդելու համար, նաև գերազանց խթան է քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների համար»:
Ցուցահանդեսի հյուրերը շրջել են սրահներով, հետաքրքրվել տաղավարներում ցուցադրված տեղական և օտարերկրյա ընկերությունների արտադրանքով, առաջարկվող ծառայություններով: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տաղավարում ցուցադրված են եղել նաև համալսարանի դասախոս, Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Նարեկ Բարսեղյանի՝ տարիներ առաջ հեղինակած նախագծերը:
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից։ Առանձնացված է թեմատիկ 14 բաժին՝ շինարարական տեխնոլոգիաներից, նյութեր և տրանսպորտային միջոցներից մինչև նախագծում, ինտերիերի և էքստերիերի դիզայն։