ՀՀ քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի իտալացի փորձագետներին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է տասնօրյա աշխատաժողով՝ նվիրված Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերականգնման համար մասնագիտական աջակցության ցուցաբերմանը: Աշխատաժողովի շրջանակում կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում իտալացի փորձագետների հետ, որոնք ներգրավված են արգելոց-թանգարանի գոտևորման նախագծի մշակման աշխատանքներում։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել հուշարձանների և պատմական միջավայրի վերաարժևորման և վերաօգտագործման մեթոդաբանություն, որը նախ կկիրառվի արգելոցի տարածքում, իսկ հետագայում հիմք կդառնա պատմամշակութային կարևորություն ունեցող այլ բնակավայրերում օգտագործելու համար։
Կոմիտեի ներկայացուցիչներն ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ընդգրկված փորձագետները դիտարկել են աշխատանքների իրականացման ուղղությունները, հստակեցրել ժամանակացույցը։
Հանդիպման ժամանակ փորձագետներն անդրադարձել են Գյումրիի եզակի նշանակությանը՝ որպես ճարտարապետական ուրույն ոճ կրող, կանոնավոր հատակագծման սկզբունքներով իրականացված ու զբոսաշրջային կարևորություն ներկայացնող քաղաք, և նշել զարգացման հավասարակշռված մեխանիզմ մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով քաղաքի գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ այցելուների համար։
Կոմիտեի նախագահը փորձագետների ուշադրությունը հրավիրել է ծրագրի պատմամշակութային նշանակության վրա. «Հաշվի առնելով հոգևոր, մշակութային արժեքների նկատմամբ հայ ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը՝ մշակութային բաղադրիչն առաջին տեղում պետք է լինի, սակայն, իհարկե, անհրաժեշտ է համադրել տնտեսական բաղադրիչի հետ, առանց որի դժվար կլինի լուծել տարիների ընթացքում պատմական ժառանգության պահպանման խնդիրը»։
Հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ ծրագիրը հետաքրքիր ընթացք կունենա, և կհաջողվի հասնել նախանշված նպատակներին։ Աշխատաժողովը շարունակվելու է Գյումրիում, որտեղ փորձագետները շահագրգիռ խմբերին ներկայացնելու են մեթոդաբանության մշակման մանրամասները: