ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.03.2022

«Թորամանյանը հայ ճարտարապետության Կոմիտասն է». Արշակ Չոպանյան

Մարտի 18-ը նշանավոր ճարտարապետ, հայ ճարտարապետության հետազոտող Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է: 19-րդ դարի երկրորդ կեսին ծնված մեծանուն գիտնականը կյանքի զգալի մասը նվիրաբերել է հայրենի երկրի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը և դրել հայ ճարտարապետության պատմության գիտական մշակման հիմքը: Թորամանյանի աշխատությունների շնորհիվ եվրոպական գիտական աշխարհը ճանաչել է հայ հին ճարտարապետության ոճական ինքնուրույնությունը:

Նրա ջանքերով կորստից փրկվել են Զվարթնոց տաճարի մնացորդները, ճշգրտվել է ճարտարապետության այդ հոյակերտ նմուշի իսկական տեսքը, ապացուցվել եռահարկ կառուցվածքը:

Հայ ճարտարապետության ամենամեծ պատմիչի նախագծերով վերակազմվել են Հայաստանի միջնադարյան ճարտարապետության՝ գեղարվեստական ու կառուցողական արժեք ունեցող բազում հուշարձաններ։ Նա մշակել է Անիի մի շարք կիսականգուն և ավերակ հուշարձանների վերակազմության նախագծերը, գրի առել դրանց պատմությունը: «Անին հայկական գեղարվեստական ոճերի շտեմարան է, իրենից առաջ կորած գիտությունների և պատմության առեղծվածներ լուծելու բանալի»,-գրել է Թորոս Թորամանյանը։ Արվեստագետի իր երևակայության մեջ ճշգրիտ հաշվարկներով նա վերակառուցել է հինավուրց մայրաքաղաքը՝ թղթին փոխանցելով ամբողջական պատկերը և պատմելով Հայաստանի քարե անցյալի մասին։

Վերականգնող ճարտարապետների համար Թորամանյանը հսկայածավալ արժեքավոր նյութ է թողել պատմամշակութային կոթողների վերաբերյալ՝ քարի շարվածքի ու շինարարական տեխնոլոգիաների, չափագրական ու ոճական, պատմական ու մշակութային հարցերի մանրամասն նկարագրությամբ։ Նա նաև լուսանկարչությամբ է վավերացրել մշակութային հարստությունը՝ շրջելով գյուղից գյուղ: Այդ առումով նա հայ ճարտարապետությանը մատուցել է այն ծառայությունը, ինչ Կոմիտասը՝ հայ երաժշտությանը: Թորոս Թորամանյանի շնորհիվ սերունդներին փոխանցվել է ավերակ դարձած պատմամշակութային հուշարձանների երբեմնի կենսունակությունը։