16.03.2022
Հաշմանդամություն ունեցող անձանց համար 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի
Երևանի 20 կարևոր նշանակության շենք ամբողջությամբ կդառնա մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը նշեց, որ ընտրվել են այն շենքերը, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեն և այցելուներ շատ են լինում: Մասնավորապես, Երևանի մետրոպոլիտենի կայարանները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Մատենադարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրի շենքերը, երկաթուղային կայարաններ, գերատեսչական տարբեր շենքեր և այլն:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը նկատեց, որ նշված բոլոր շենքերը կառուցվել են դեռ խորհրդային տարիներին: Դրանցից շատերում ի սկզբանե չեն եղել համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով մի շարք շենքեր հիմնանորոգվել ու վերանորոգվել են: Այդ աշխատանքներում հաշվի է առնվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, սակայն համալիր մոտեցում չի եղել: Հիմա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ծրագրով խնդրին համալիր մոտեցում է տրվելու:
«Յուրաքանչյուր շենքին առանձին մոտեցում է տրվելու: Շատ պատասխանատու, կարևոր աշխատանք է սպասվում: Մենք գործ ենք ունենալու արդեն գոյություն ունեցող շենք-շինությունների հետ, և դրանցում փոփոխություններ կատարելը կուղղորդվի որոշակի դժվարություններով: Այդ շենքերը հուշարձանային համալիրներ են»,-ասաց Ռուզան Ադամյան:
Սա պիլոտային ծրագիր է: Այն մայրաքաղաքում հաջողությամբ իրականացնելուց հետո ընդգրկվելու են կարևոր նշանակության քաղաքաշինական օբյեկտներ նաև Հայաստանի մյուս քաղաքներից, համայնքներից:
Տեսանյութը` https://bit.ly/3IiBenX