ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.03.2022

Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման միջոցառումները՝ համաժողովի օրակարգում

     Երևանում անցկացվում է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության հիմնախնդրի վերաբերյալ եռօրյա համաժողով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները, միջազգային և հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:
     Համաժողովի նպատակն է երկրների միջև լավագույն փորձի փոխանակման միջոցով դիտարկել բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղիները, քննարկել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումները, ինչպես նաև բացահայտել այս բնագավառում ներդրումների խթանման հնարավոր քայլերը: Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների շնորհիվ կրճատելով էներգիայի սպառման ծախսերը՝ բնակիչները կկարողանան տնտեսված գումարն ուղղել շենքի պահպանման աշխատանքներին։
Համաժողովը մեկնարկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի, «Հաբիթաթ ֆոր հյումենիթի ինթերնեշնլ» կազմակերպության փոխնախագահի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի ելույթներով:
     Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը բացման խոսքում ընդգծել է, որ էներգաարդյունավետությանն առնչվող հարցերը խիստ արդիական են Հայաստանի համար. «Բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետության բարելավումն այլընտրանք չունի: Կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում՝ էներգախնայողության բարձրացմանն ուղղված իրավական ու նորմատիվատեխնիկական դաշտի բարելավման համար: Առաջիկա տարիներին էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումները լինելու են բազմաբնակարան շենքերի պատշաճ պահպանման, շահագործման և արդիականացման հարցերի առանցքում»: Կոմիտեի ղեկավարը կարևորել է դեռևս 2016 թվականին օրենքով ամրագրված պահանջը, որի համաձայն՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում պետք է պահպանվեն էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները: Անդրադարձ է կատարվել նաև շենքերի անձնագրավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի և շենքերի էներգաարդյունավետությանն առնչվող նորմերի մշակմանը, ինչպես նաև անկանխիկ եղանակով սեփականատերերի կատարած վճարումներից պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությանը:
     ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է կլիմայի փոփոխության պայմաններում հուսալի էներգամատակարարում ապահովելու կարևորությունը։ Ըստ նրա՝ էներգաարդյունավետության ծրագրերի բարեհաջող իրականացումը նաև կնպաստի ներմուծվող էներգետիկ աղբյուրներից կախվածության նվազեցմանը։ «Մենք պետք է խրախուսենք էներգախնայողությունը և էներգետիկ անվտանգությունը Հայաստանում: Այս ուղղությամբ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն պետության, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի միջև»,-նշել է Ջոն Ալելոն՝ հիշատակելով սուբվենցիոն ծրագրերը:
     Համաժողովի առաջին օրը ներկայացվել են «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի իրականացրած հայաստանյան փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վերհանել են էներգաարդյունավետության վերաբերյալ բնակչության ոչ բավարար իրազեկվածությունը, ծրագրում մասնակցություն ունենալու հարցում սեփականատերերի տարակարծությունները և այլ խնդիրներ: Տեսակապի միջոցով այլ երկրներից համաժողովին մասնակցողները քննարկել են էներգաարդյունավետության բարձրացման միջազգային օրինակները: Ցուցադրվել է նաև տեսանյութ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում կյանքի կոչված այն ծրագրերի մասին, որոնց արդյունքում կրճատվել է էներգիայի ծախսը։
     Մասնագիտական քննարկումները շարունակվելու են հաջորդ օրերին։

«Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» խորագրով համաժողովն անցկացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Տեսանյութը ստորև` https://bit.ly/377d4zN