ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.03.2022

Պետական կառույցների և մասնագիտական հանրության ներկայացուցիչները քննարկել են կառուցապատման հիմնախնդիրները

     Կառուցապատման հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարտի 1-ին տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովը: Միջոցառմանը հրավիրված էին շահագրգիռ պետական մարմինների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները:
     «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հ/կ նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրեց ասոցիացիայի 2021թ. գործունեության հաշվետվությունը:  Ոլորտի հիմնական ձեռքբերումներից նա առանձնացրեց միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի գործունեությունը միտված է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Անդրադարձ կատարվեց նաև պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցության մի շարք ուղղություններով գրանցված ձեռքբերումներին, մասնավորապես՝ նորմատիվատեխնիկական բազայի արդիականացմանը և հրդեհային անվտանգության քաղաքաշինական նորմերի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին, իրավական ակտերի նախագծերի քննարկումներին:
     Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան պետական կառույցների և մասնագիտական հանրության ներկայացուցիչները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորեց համաճարակի տնտեսական հետևանքների պայմաններում տնտեսության լոկոմոտիվի դեր ստանձնած կառուցապատման ոլորտի վերականգնումն ու զարգացումը. «Շնորհակալություն պետք է հայտնել խոշոր կառուցապատողներին՝ շինարարական նախագծերը չդադարեցնելու համար: Դա նաև հոգեբանական նշանակություն ունեցավ տնտեսության արագ վերականգնման և բոլոր կանխատեսումներից ավելի լավ տարի ամփոփելու հարցում»:
     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հիշատակեց բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնների հաստատումը, ինչպես նաև անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի խնդրի կանոնակարգման ուղղությամբ հայեցակարգային մոտեցումների մշակումը: «Ոլորտի ներկայացուցիչների հետ սերտ գործակցության շնորհիվ հնարավոր է դառնում խորությամբ վերհանել կառուցապատման ոլորտի հիմնախնդիրները, մշակել առավել համակարգված լուծումներ՝ համախմբվելով գաղափարների շուրջ և ունենալով դրանք կյանքի կոչելու վստահություն»,-նշեց կոմիտեի նախագահը՝ ընդգծելով գերատեսչությունների և մասնագիտական հանրության միջև ձևավորված հետաքրքիր համագործակցությունը:
     Կարևորվեց հատկապես ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի շինարարների միության և Ճարտարապետների պալատի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:
     Կառուցապատման ոլորտի նախորդ տարվա ձեռքբերումներից առանձնացվեցին օրենսդրական փոփոխությունները՝ կապված կադաստրային արժեքի և հարկման բազայի, հողամասի ընդլայնման, հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում նախագծման թույլտվության ժամկետների հետ:
     Միջոցառմանը մասնակցող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը, անդադառնալով ոլորտի կազմակերպությունների համար վարչարարության կրճատման անհրաժեշտության հարցին, ներկայացրեց հանրապետության 4 համայնքներում կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային «e-Permits» միասնական համակարգի ներդրման օրինակը:
     Ժողովի մասնակիցները նախանշեցին ոլորտի բարելավման հետագա գործողությունները, որոնք ուղղված են լինելու վարչարարության կրճատմանը և ոլորտի գործունեությունը խրախուսող միջոցառումների իրականացման համար օրենսդրական հնարավորությունների ստեղծմանը:
     Կառուցապատման ոլորտի ամենամյա ժողովին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: