ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.02.2022

Ճարտարապետական հանրությունը նշել է ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90-ամյակը

     Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ինչպես մասնագիտական հանրության ներկայացուցիչները, ճարտարապետի ընկերները և ընտանիքը, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
     Ճարտարապետների պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, բացելով հուշ-միջոցառումը, ընդգծեց, որ Արթուր Թարխանյանի թողած ճարտարապետական հարուստ ժառանգությունը սերունդների հպարտությունն է. «Հայաստանի ճարտարապետների պալատը կարևորում է ոլորտի վառ անհատականությունների մեծարման միջոցառումները, որոնք միաժամանակ նոր սերնդին կրթելու, համաշխարհային վարպետների կողքին հայ հանճարներին ճանաչելու առիթ են»:
     Միջոցառման մասնակիցները կիսվեցին Արթուր Թարխանյանի տաղանդի և թողած ավանդի մասին հիացական գնահատականներով: Մեծանուն ճարտարապետի անվանի գործընկերները, որոնք համահեղինակել են Երևանի ճարտարապետական դեմքը ներկայացնող մի շարք կառույցներ, վերհիշեցին ժողովրդական մարդ-ճարտարապետի հետ կապված հիշարժան դրվագներ, ներկայացրեցին նրա ստեղծագործական ուղին:
     Ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը, վերլուծելով Արթուր Թարխանյանի՝ խորհրդանիշ դարձած ճարտարապետական ժառանգությունը, շեշտեց, որ նա ծավալատարածական հորինվածքի մեծ վարպետ է եղել, որի գործերում արտացոլված է մոդեռնիստը. «Արթուր Թարխանյանի և նրա սերնդակիցների շնորհիվ մենք կարողացանք հայկական ճարտարապետությունը բարձրացնել միջազգային հարթություն»։
Ճարտարապետության ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանի գնահատմամբ՝ Արթուր Թարխանյանը կարողանում էր համադրել չոր հաշվարկներն ու գիտելիքները զգացողության հետ և թղթին փոխանցել իր պատկերացումները. «Մեր խումբը շատ յուրահատուկ էր. բոլորս տարբեր էինք բնավորությամբ, գիտելիքով, գուցե շնորհքով, սակայն բոլորիս համախմբում էր մեկ նպատակ, գաղափար և ճարտարապետության միատեսակ ընկալում։ Արդյունքում կարողանում էինք խնդիրը տարբեր անկյուններից դիտարկել և լուծել»։
     Մասնագետների հայտնի խմբի մյուս ներկայացուցիչը՝ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, հիշեց, որ 1960-ականներին, երբ համաշխարհային ճարտարապետության զարթոնքը լիովին դեռ չէր ներթափանցել հայաստանյան իրականություն, Արթուր Թարխանյանը հետաքրքրվում էր ճարտարապետական նորարարական խնդիրներով. «Դա առաջին հերթին արտացոլվում էր Արթուրի կուրսային աշխատանքներում՝ թեև ոչ միշտ էին նրա նորարարական մոտեցումները հավանության արժանանում մեր իրականությունում»։
     Ճարտարապետի դուստր, շնորհաշատ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հետաքրքիր դրվագներ ներկայացրեց պետական մրցանակների դափնեկիր հայրիկի ընտանեկան կյանքից: Նա տեղեկացրեց, որ Երևանում արդեն գործում է հայկական մոդեռնիզմին նվիրված «Արթուր Թարխանյան» կենտրոնը, որը նախատեսվում է դարձնել հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման ժամանակակից հարթակ:
     Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ողջունելով Անահիտ Թարխանյանի և Հայաստանի ճարտարապետների պալատի ջանքերը՝ վառ պահելու ժողովրդական ճարտարապետի և նրա ստեղծագործական ժառանգության հանդեպ հիշատակը, օրինակելի համարեց նման նախաձեռնությունները՝ մեծարելու մեծանուն վարպետներին, որոնց փորձը և ավանդը փոխանցվում են երիտասարդ սերունդներին: