ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.02.2022

Արթուր Թարխանյանի՝ խորհրդանիշ դարձած ճարտարապետական ժառանգությունը

     Երևանի խորհրդանիշ դարձած կառույցներ և ազգային հույզերն արտահայտող հուշարձաններ կերտած ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Արտավազդի Թարխանյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Նրա հեղինակած շինությունները մեր երկրի այցեքարտն են նաև մեր օրերում։ Հայաստան ժամանողները երկրի ճարտարապետական ժառանգության հետ ծանոթացումն սկսում են հենց «Զվարթնոց» օդանավակայանից, որի հին մասնաշենքի հեղինակներից է Արթուր Թարխանյանը։
     Մարզահամերգային համալիր, «Ռոսիա» կինոթատրոն, Երիտասարդության պալատ, ԳԱԱ մասնաշենքեր. մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը ներկայացնող այս կառույցները միայն մի մասն են այն աշխատանքների, որոնք համահեղինակների հետ նախագծել է Արթուր Թարխանյանը։ Նա սերունդներին է թողել շուրջ 2 տասնյակ հուշարձաններ, որոնցից են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Մարտիրոս Սարյանի հուշարձանն ու Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում:
     «Ադիբուդի», «կուկուրուզ», «բուբլիկ»՝ ժողովրդի շրջանում հայտնի մականուններն իր հեղինակած կառույցներին տվել է հենց ինքը՝ հեղինակը՝ գյումրեցուն բնորոշ հումորով։
Մեծանուն ճարտարապետի կոթողները գեղատես արարչագործություն են՝ մտահղացման խորությամբ և իրագործման վարպետությամբ: Այն, ինչ ստեղծվել է ազգայինը, խորհրդայինն ու համամարդկայինը վարպետորեն համադրող արհեստավարժի մեծ նվիրման արդյունքում, երբեք չի կարող մոռացության գիրկն անցնել:
     Արթուր Թարխանյան ժողովրդական մարդ-ճարտարապետն ու համահեղինակ իր անվանի գործընկերները՝ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը և շատ ուրիշներ, մեծ ավանդ ունեցան հայկական ժամանակակից ճարտարապետության զարգացման գործում: 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի նախաշեմին Արթուր Թարխանյանի կողքին փայլատակեցին տասնյակ նոր աստղեր, որոնք այսօր էլ շարունակում են իրենց ուսուցչի գործը:

     Ինչպիսի՞ն է Արթուր Թարխանյան ճարտարապետը, պապիկն ու մարդը թոռան՝ ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի հուշերում. ներկայացնում ենք ստորև։

Արթուր Թարխանյան ճարտարապետը

     «Հայ հանրությունը ճանաչում է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների մի փոքր հատվածը միայն՝ հատուկ առաջադրանքներով կամ տեխնիկական պայմաններով ստեղծված յուրօրինակ շինությունները։ Դրանք բոլորն իրենց յուրահատուկ տեսքը, հորինվածքն ու գործառույթն ունեն։ Մինչդեռ նրա ստեղծագործական ուղու մի զգալի հատվածի վերաբերյալ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն։
     Արթուր Թարխանյանն աշխատում էր «Հայպետնախագծում»՝ տիպարային նախագծման 5-րդ արվեստանոցում։ Նրա աշխատանքային գործունեության շատ մեծ շրջան նվիրված էր բնակելի շենքերի տիպարային նախագծմանը։ Հաշվի առնելով ոլորտի խիստ նորմերը՝ կարողանում էր շինությունների շահառուների համար առավելագույն հարմարավետությամբ լուծումներ գտնել։ Կարող է նույնիսկ պարադոքսալ թվալ՝ մարդ, որն այդքան գերազանց թողարկում էր տիպարային նախագծեր նման արագությամբ և քանակով, նաև կարող էր բոլորովին այլ ուղղվածություն և մտքի թռիչք պահանջող լուծումներ գտնել ճարտարապետահատակագծային այլ ծավալների համար։
     Տատիկս պատմում էր, որ 1980-ականներին պապիկի հետ որոշել են հաշվել իր ստեղծագործությունները։ Այդ պահին նա մտաբերել է մի քանի 100 ստեղծագործություն։ Ամբողջ ծավալը դժվար է չափել, եթե գումարենք ամբողջ ԽՍՀՄ տարածքում կառուցված տիպարային շինությունները»։

«Նախագիծն անելու մեկ տարբերակ ուներ՝ գերազանց»

     «Իր ստեղծագործական հարուստ ժառանգության շարքում որևէ շինության պարագայում աշխատանքային մոտեցումները երբեք չէր առանձնացնում։ Նախագիծն անելու մեկ տարբերակ ուներ՝ գերազանց։ Արվեստանոցի գործընկերները կվկայեն, որ նույնիսկ ավարտված նախագիծը պատրաստ էր պատռել և նորից սկսել՝ հնարավորինս կատարելության հասած տարբերակ ունենալու համար։
     Արթուր Թարխանյանը, վստահաբար, իր ստեղծագործություններով անգնահատելի ավանդ է թողել և արժեք ստեղծել հայկական ճարտարապետության մոդեռնիզմի ուղղության մեջ, որը բացահայտելու հսկայական նյութ և հնարավորություն է տալիս սերունդներին»։

«Ադիբուդիի», «կուկուրուզի» և «բուբլիկի» ծագումնաբանությունը

     «Յուրահատուկ, սուր հումոր ուներ. գյումրեցի էր։ Դիպուկ հումորով կարող էր մի ամբողջ նախագիծ և դրա հետևում թաքնված մտածելակերպ ոչնչացնել։ Հենց ինքն էր իր համար մեկ քննադատը։ Ժողովրդի մեջ հայտնի իր ստեղծագործությունների մականուններն ինքն էր հորինում։ Մարզահամերգային համալիրը երգիծանքով կնքել է «ադիբուդի», Երիտասարդական պալատը՝ «կրծած կուկուրուզ», իսկ «Զվարթնոց» օդանավակայանը՝ «բուբլիկ»։
     Իր ստեղծագործություններին հոգեզավակի պես էր վերաբերվում. ոլորտի նվիրյալներին բնորոշ հատկանիշ է։ Ի վերջո, հսկայական ժամանակ և ջանք է ներդրվում նախագծի մտածման, մշակման, ձևավորման փուլում»։

Արթուր Թարխանյան անհատականությունը

     «Մասնագիտական ասպարեզում տաղանդավոր լինելուց բացի մեծ եռանդ ու սեր էր ներդնում քրոջս և իմ դաստիարակման, որպես մարդ ձևավորման գործում։ Աջակցում էր նաև մասնագիտական հարցերում։ Եթե աշխատանքային ամբողջ թիմով հատակագծային կամ ֆունկցիոնալ խնդրի լուծումը գտնելն ամիսներ էր տևում, ապա պապիկին դիմելու դեպքում խնդիրը լուծվում էր րոպեների ընթացքում։
     Շատ տպավորիչ էր ականատես լինել մանկության ընկերների, միասին ստեղծագործական երկար ճանապարհ անցած գործընկեր-ճարտարապետների հետ ընկերության, փոխադարձ հարգանքի յուրատեսակ ձևաչափին։
Գրեթե ամեն ինչով նա այնպիսին էր, ինչպիսին կուզենայիր լինել երազանքներիդ, պատկերացումներիդ անհատականությունը, կերպարը, բայց մի տարբերությամբ. հասկանում ես, որ նա անհասանելի մակարդակում է»։

Հ.Գ. Արթուր Թարխանյանի դստեր՝ Անահիտ Թարխանյանի ջանքերով, Երևանում գործում է հայ մոդեռնիզմին նվիրված «Արթուր Թարխանյան» կենտրոնը, որի նպատակն է դառնալ հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման մշակութային հարթակ: Կենտրոնում շուտով վերականգնվելու է Արթուր Թարխանյանի աշխատասենյակը՝ այցելուներին փոխանցելու համար վաստակավոր ճարտարապետի ստեղծագործական միջավայրը։