Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Word Press Photo ֆոտոմրցույթի լուսանկարների ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Word Press Photo-ի ցուցահանդեսն արդեն բացվել է: Ֆոտոմրցույթի՝ 2021 թվականի լավագույն լուսանկարները ներկայացնող ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:
Բացման խոսքում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն անդրադարձել է ցուցահանդեսը Հայաստանում անկացնելու գաղափարին. «Նիդերլանդների կառավարությունն արժևորում է մամուլի ազատությունը և, քանի որ World Press Photo մրցույթը կարևոր հարթակ է վավերագրող լուսանկարիչների համար, մենք ցանկանում ենք Հայաստանի քաղաքացիներին աշխարհի լավագույն վավերագրական լուսանկարները տեսնելու հնարավորություն տալ, այդ թվում՝ մրցույթի հաղթողներից մեկի՝ Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի աշխատանքները»:
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ողջույնի խոսքում առանձնացրել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում երկարամյա պատմություն ունեցող ֆոտոմրցույթի ցուցադրությունը կազմակերպելու եզակի հնարավորությունը. «Լուսանկարչությունն ունի ժամանակի մեքենայի բաղադրիչ: Իրադարձություններ, որ կայացել են մեզանից շատ առաջ, հաճելի և տխուր ակնթարթներ, որ մենք ապրել ենք. դրանց բոլորի մասին լուսանկարը պահպանում է տեղեկատվություն և հաղորդում մեզ ու մեր սերունդներին»:
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն իր ելույթում հիշեց՝ ինչպես 20 տարի առաջ World Press Photo-ի ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվեց Հայաստանում՝ դարձյալ Նիդերլանդների Թագավարության այն ժամանակվա դեսպանի առաջարկով: Այժմ երջանիկ առիթ է նույն հնարավորությունն ունենալը. «Պատկերացնո՞ւմ եք, նույնը՝ 20 տարի հետո։ Այն ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպեցինք ցուցահանդեսը, և դրանից հետո մեր լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Ռուբեն Մանգասարյանը, սկսեց համագործակցել World Press Photo-ի հետ։ Այդ համագործակցությունը շատ բարեբեր էր»: