ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.12.2021

Շնորհավորական ուղերձ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված

     Փայլուն և բազմադարյա ավանդույթներ ունեցող հայկական ճարտարապետությունը նոր շունչ առավ և սկսեց բուռն զարգացում ապրել 20-րդ դարի սկզբում:
     Դրա հիմքում կանգնած էին բազմաթիվ հայ ճարտարապետներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանի մասնագիտական ԲՈՒՀ-երում և այլուր: Նրանց կատարած գործը և դեռևս կատարվելիք ահռելի մեծ թվով ծրագրերը չէին կարող չհանգեցնել ճարտարապետական ուսուցման ազգային կենտրոն ստեղծելու անհրաժեշտությանը: Խնդիրը տրամաբանորեն իրականացվեց` սկզբնական շրջանում որպես Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժանմունք, որը վերաճեց և առանձնացավ արդեն որպես Երևանի Շինարարական (հետագայում` Պոլիտեխնիկական) ինստիտուտի:
     Իսկ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինն արդեն իսկական դարբնոց դարձավ հայ ճարտարապետների բազում սերունդների համար: Այս կրթական հաստատությունում ուսանել են հայկական խորհրդային ճարտարապետության վարպետներից շատերը, որոնք անջնջելի հետք են թողել հայրենի երկրի կառուցապատման գործում:
     Ստեղծագործական բուռն վեճերով և քննարկումներով էր ուղեկցվում ճարտարապետական նոր դպրոցի կայացումը, որը հաստատվեց ազգային իր դիմագծով և նորարարական մոտեցմամբ:
Հայկական ժամանակակից ճարտարապետության զարգացման ուղիների փնտրտուքների ճանապարհին ավագ սերնդի հետ միասին նոր սերունդն իր ողջ եռանդով և բարձր մասնագիտական ներուժով լծվեց երկրի կառուցման պատվաբեր գործին:
    Հետագայում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարարական ֆակուլտետը՝ ճարտարապետական բաժնի հետ միասին, կազմավորվեց որպես Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան, որն ստացավ այլ երկրների համապատասխան կրթական հաստատությունների հետ համագործակցելու լայն հնարավորություններ: Կազմվեցին նոր կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ընդլայնվեցին ուսանողների մտահորիզոնն ու ստեղծագործական աշխարհընկալումը:
     Համալսարանի շրջանավարտներն այսօր ակտիվ մասնակցություն ունեն երկրի կառուցապատման և գիտական մտքի զարգացման գործընթացներում:
Այդ բոլորը պահանջում է պրոֆեսիոնալ հիմնարար գիտելիքներ, որոնք նրանք ստանում են իր 100-ամյակը բոլորած մեր մայր-ԲՈՒՀ-ում: Հայ ճարտարապետների բազմաթիվ սերունդներ են կրում մեր ինստիտուտ-համալսարանի յուրօրինակ մասնագիտական դրոշմը և հայկական ճարտարապետական դպրոցի ներկայացուցչի բարձր կոչումը:
     Այսօր էլ անգնահատելի է համալսարանի նշանակությունը հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման և ավանդույթների պահպանման գործում: Ունենալով իր հետևում հաղթանակներով ու փառապանծ անուններով կերտված հարուստ պատմություն, նա այսօր կրկին երիտասարդ է, լի զրնգուն ձայներով ու գույներով և նոր նվաճումների պատրաստ:
     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով մեր հարազատ ԲՈՒՀ-ի դարավոր հոբելյանը՝ մաղթում եմ դասախոսապրոֆեսորական կազմին, մեր սիրելի ուսանողներին և մեզ բոլորիս՝ միշտ լինել հայկական ճարտարապետության և շինարարության նոր վերելքների առաջատարն ու կրողը:
     Պատվով և հավատով լծվենք վաղվա լուսավոր օրվա կերտմանը՝ նոր դարեր հաղթահարելու հաստատակամությամբ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արմեն Ղուլարյան