Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի ճարտարապետների պալատի նախաձեռնությամբ Ճարտարապետների պալատում կազմակերպվել էր Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և մասնագիտական հանրությանը հայտնի այլ ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան ողջույնի խոսքերով: Միջոցառման ընթացքում քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում նշանակալի ավանդ և ներդրում ունեցած անձինք պարգևատրվեցին պետական պարգևներով և շնորհակալագրերով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց, որ ճարտարապետի մասնագիտությունը մշտապես արժևորվել է հայ հասարակության կողմից, և Կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական զարգացումը, այնուհետև շնորհեց բարձրագույն կոչումները.
Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացան ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը բնագավառի զարգացման գործընթացում առավել մեծ ավանդի համար ճարտարապետներ Սաշուր Քալաշյանին և Հրաչյա Պողոսյանին հանձնեցին «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալ, Արսեն Կարապետյանին, Ալեքսանդր Բադալյանին` «Տրդատ ճարտարապետ» և Դավիթ Քերթմենջյանին ու Գագիկ Սողոմոնյանին (հետմահու) «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալներ: Գերատեսչական ոսկե մեդալներ շնորհվեցին նաև քաղաքաշինության բնագավառի զարգացմանը մեծ ավանդ ունեցած ոլորտային փորձառու մասնագետներ «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանին, Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին և «Ռ և Վ կոմֆորտ» ընկերության նախագահ Ռուբեն Շախմուրադյանին:
Շնորհակալագրեր տրվեցին Քաղաքաշինության կոմիտեի մի շարք աշխատակիցների:
Միջոցառմանը հաջորդեց ճարտարապետ նկարիչների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին ներկայացված էր մոտ 150 ստեղծագործություն: