08.08.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ
Սիրելի´ շինարարներ,
Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար:
Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:
Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն:
Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում: