Քննարկում «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» ՀՀ շինարարական նորմի մշակման վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային hամալսարանը մշակում է «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» ՀՀ շինարարական նորմերը:
Մշակման առաջին փուլը իր մեջ ներառում էր միջազգային փորձի ուսումնասիրությունը, որն ամփոփելու համար Քաղաքաշինության կոմիտեի և Համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որին հրավիրվել և մասնակցում էին Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Տեսչական մարմինների և մատակարար կազմակերպություններից ներկայացուցիչներ:
ՃՇՀԱՀ-ի աշխատանքային խումբը ներկայացրեց անվտանգության տեխնիկայի և աշխատողների առողջության պահպանման ոլորտների միջազգային փորձի ուսումնասիրությունները, որի ընթացքում ներկայացվեցին ԵԱՏՄ և Եվրոպական միության անդամ երկրների համանման նորմերի հիմնական դրույթները և ՀՀ-ում դրանց կիրառելիության նպատակահարմարությունը:
Այնուհետև մասնակիցների կողմից ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին մի շարք առաջարկություններ, լրացումներ, դիտողություններ:
Հաշվի առնելով շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման արդի պահանջը, ինչպես նաև ինժեներական և բանվորական անձնակազմի արտահագուստի, հատուկ հանդերձանքի կարևորությունը շինարարության անվտանգության ապահովման գործում` քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց այս խնդիրների լուծման նպատակին, մշակվող նորմերում դրանց վերաբերյալ հստակ դրույթների սահմանմանը:
Քանի որ քննարկմանը ներկա էին վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, քննարկվեցին նաև անվտանգության տեխնիկայի, աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության իրականացման խնդիրները: