28.06.2021
Օրեր առաջ լրացավ վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ծննդյան 110 ամյակը
Գրիգոր Աղաբաբյանը խորհդային ժամանակաշրջանի հայ ճարտարապետներից ամենաբարձր տաղանդ և վաստակ ունեցողներից մեկն էր: Նա այն առաջին հայ ճարտարապետներից էր, ով ստացավ վաստակավոր ճարտարապետի կոչում, քանի որ մինչ 1968 թվականը այդ կոչումը գոյություն չուներ:
«Ես նրան հիշում եմ. գալիս էր մեր տուն, պապիկիս հետ բարի և լավ ընկերություն էին անում: Ճիշտ է, մի ժամանակ նրանց մեջ ուսանող-դասախոս հարաբերություններ էին, այնուհետև աշխատանքային, իսկ կյանքի վերջում անփոխարինելի ընկերներ էին»,-հիշում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը և շարունակում. «Բազմաթիվ շինությունների հեղինակ է, բոլորիս հայտնի Կենտրոնական շուկան, հիշում ենք շուկայի հսկայական մեծ դահլիճը, որի առաստաղի տակ ծիծեռնակներ էին բնակվում: Նա ոչ միայն «Փակ» շուկայի հեղինակն էր, այլև ստեղծեց երևանյան շուկաների տիպը»:
Գրիգոր Աղաբաբյանը ծնվել է 1911 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1917 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, այնտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն։ 1928 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 42 դպրոցը։
1931 թվականից ապրել է Երևանում, նույն ժամանակ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին, որը գերազանցությամբ ավարտել է 1937 թվականին։ 1937-1939 թվականներին անցել է զինվորական ծառայության։
Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս ուսանող ժամանակ, աշխատել է Նիկոլայ Գավրիլի Բունիաթյանի ղեկավարությամբ։
1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1942 թվականին ռազմաճակատից հետ է կանչվել ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի միջնորդությամբ, զբաղվել է հին հայկական ճարտարապետության հուշարձանների ուսումնասիրությամբ և չափագրումներով։
1945 թվականին տեղի է ունենում Աղաբաբյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը Հայաստանի ճարտարապետների միությունում։ 1947-1951 թվականներին աշխատել է որպես Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում։ 1949 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության քարտուղար:
1951-1959 թվականներին աշխատել է որպես Երևանի գլխավոր ճարտարապետ։ 1957 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ճարտարապետության և շինարարության ակադեմիայի թղթակից անդամ։
1959 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է որպես ՀԽՍՀ շինարարության և ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահ։
«Չտեսնված և՛ ճարտարապետ էր, և՛ լավ մարդ, նույնիսկ աշխատանքի բերումով եմ նրա հետ հանդիպել, արտակարգ անձնավորություն էր: Երբ առաջին կուրսում էինք, շատ հետաքրքրությամբ հետևում էինք նրան, բանիմաց ճարտարապետ էր: Այդ ժամանակ ՀԽՍՀ շինարարության և ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահն էր: Գրիգոր Աղաբաբյանը անփոխարինելի էր, այնքան լայնախոհ մարդ էր, որ կարողանում էր և՛ դժվարություններ տաներ իր ուսերին, և՛ այնպես աներ, որ ճարտարապետությունը դրանից չտուժեր: Շատ գեղեցիկ շինությունների հեղինակ է:»- պատմում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Մահացել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին Գորիսում։
* Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր (1945, 1956, 1971):
*Խորհրդային ճարտարապետության երիտասարդ վարպետների համամիութենական ստուգատեսի դիպլոմ (1947)
* Երիտասարդ ճարտարապետների աշխատանքների համամիութենական III ստուգատեսի առաջին մրցանակ (1951)՝ Երևանի կենտրոնական սառցակոմբինատի և դպրոցի շենքերի նախագծերի և հնագույն հայկական հուշարձանների չափագրման աշխատանքների համար:
* «Պատվո նշան» շքանշան (9.08.1958):
* ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում (1961):
* Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1966, 1971):
* ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչում (1968):
* ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման գործում ձեռք բերված հաջողությունների համար ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալ: