Այսօր թանգարանների միջազգային օրն է
Ջերմորեն շնորհավորում ենք Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Թանգարանների օրը տոն է ոչ միայն թանգարանների աշխատակիցների, այլև արվեստասեր հասարակության համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին մաղթում ենք մշտապես հարուստ և վառ թանգարանային կյանք:
Շնորհակալություն Ձեր նվիրումով աշխատանքի համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը իր տեսակի մեջ ինքնատիպ գիտամշակութային հաստատություն է, որտեղ հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։
Այսօր թանգարանի ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 86000-ից ավելի մշակված անուն արխիվային նյութեր, իսկ գրադարանում՝ 3778 հատոր գրականություն։
Այստեղ կազմակերպվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ, մրցույթներ, շնորհանդեսներ, սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ։ Թանգարանում կազմակերպվում են նաև շրջիկ ցուցահանդեսներ։
Վերջին տարիների ընթացքում հայ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Գյումրիում, Գորիսում, Գավառում, Ալավերդիում, Արտաշատում, Վանաձորում, Արցախում: Ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Ռուսաստանում, Սլովենիայում և այլուր: