Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին նվիրված ցուցադրություն
Ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Մարգարյանի 120-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 12-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Քարի ձայնն ու բույրը. Հովհաննես Մարգարյան» խորագրով ցուցահանդեսը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները՝ Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, ներկա են եղել ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ Կոմիտեի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով և ընդգծել տաղանդավոր ճարտարապետի աշխատանքներից բաղկացած ցուցահանդեսի կազմակերպման կարևորության մասին:
-Մեծ հպարտությամբ եմ նշում, որ հայ ճարտարապետների մեջ կան շատ մեծատաղանդ ներկայացուցիչներ,որտեղ իր արժանվույն տեղն է զբաղեցնում Հովհաննես Մարգարյանը և որքան հիշում և ներկայացնում ենք հանճարեղ, բազմաշնորհ ճարտարապետներին, այնքան մենք ինքներս ենք կայանում որպես մարդ,որպես քաղաքացի և որպես մասնագետ,-իր խոսքում նշել է Կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսում ցուցադրվում են Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրեր ու ճեպանկարներ, ինչպես նաև Կոնյակի գործարանի գծագիրը, Հանրային ռադիոյի շենքի ավելի քան քսան էսքիզ:
Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են տարբեր քաղաքների ճարտարապետական տեսքը։ Նրա շնորհիվ կառուցվեցին Երևանի կոնյակի գործարանը, Ռադիոյի տունը, «Մանկական աշխարհ» հանրախանութը և էլի շատ արժանի գործեր: